Գովք Արցախին և նրա պաշտպան հայոց բանակին
2017-01-31 10:22:00
Մարտակերտի կենտրոնական գրադարանում տնօրեն Իրա Բաղրյանի կողմից կազմակերպված գրական-երաժշտական ցերեկույթով եզրափակվեց հունվար ամսում հայոց բանակի 25-րդ տարեդարձին մեկնարկած միջոցառումների շարքը:
Քաղաքի երկու դպրոցների աշակերտներն Արցախի գրողների ստեղծագործություններով վեհացրին հայրենի բնաշխարհն ու նրա ծոցում արարող հայ մարդուն, նրա համառ կամքն ու անցած ճանապարհը: Միջոցառմանը մասնակցում էին մշակույթի ոլորտի աշխատողներ, զինվորականներ, դպրոցականներ:
Նոր սերունդն Արցախի հաղթանակների ու ցավերի ականատեսն է, որ ամիսներ առաջ սարսափելի մի նոր ապրիլ ամրագրեց, բայց նաև այդ սերունդը հողի ձայնն ունի իր հոգում և հպարտորեն հնչեցրեց տարբեր հեղինակների ստեղծագործ մտքի պատառիկներ, որոնք միջոցառման մասնակիցների կողմից ընկալվեցին քար լռությամբ, հպարտության անթաքույց զգացողությամբ:
Հրավիրված լինելով միջոցառմանը` ակամայից ներկա եղա գեղարվեստական խոսքի մատուցման մի գեղեցիկ արարումի, որի պատիվը պատկանում է այդ դպրոցականների մեջ նաև իմ աշակերտներին: Այն օծված էր հայրենասիրական երգերի մեղեդայնությամբ, զինվորական դարձած աղջիկների խրոխտ պարով, որ կախարդական շղթա կազմած` իրենց ապրելու կամքն էին ազդարարում:
Մշակույթի և երիտասարդության կենտրոնի երգիչ Արշակ Միրզաբեկյանի կատարումները մարդուն համակած հիացումի արտահայտություն էին, իսկ աշակերտների խոսքերը` մի-մի ներբող` նվիրված հայրենի հողին ու արարող մարդուն, հայոց բանակի անպարտելիությանն ու նահատակների հիշատակին:
«Սիրում եմ Արցախի անկրկնելի բնաշխարհը, նրա հարթությունները, ուր հասնում են խաղողն ու նուռը, անտառները, ուր երկինք է բարձրանում արքայական կաղնին ու վազում են եղնիկն ու այծյամը: Սիրում եմ մեր առասպելական Մռավ սարը, որը հսկում է մեր աշխարհի անդորրը: Սիրում եմ Արցախի մայր գետը` Թարթառը» /Անի/:
«Արցախցին իր աստվածային բնության մի մասն է` բարի ու իմաստուն: Այդ գեղեցիկ հատկություններն օգնել են նրա գոյատևելուն: Նա դիմացել է դաժան փորձությունների և մաքուր պահել իր լեռնաշխարհը: Մենք համոզված ենք, որ ցանկացած օրհասական պահի կարող ենք ապավինել հայոց բանակի զորությանը» /Յանա/:
«Դարերի խորքից եկած իմաստավորված այս հողում ապրում և արարում է արցախցին: Եվ հավատում է, որ պայքարելով դուրս կվռնդի իր թշնամուն և մաքառելով դարեր կապրի, քանզի նրա հզոր բազկի ուժը հավաքական է ու բռունցքված» /Բաղդասար/:
Արցախյան պատերազմի ճանապարհ անցած կին ազատամարտիկներ Վալյա Պետրոսյանն ու Սվետա Աբրահամյանը նվերներ հանձնեցին N պաշտպանական շրջանի զինվորներին, ովքեր չորրորդ գումարտակից էին և հրետանու դիվիզիոնից:
Ավարտին հասավ Արցախին ու նրա` խաղաղ ապրելու երաշխավոր հայոց բանակին նվիրված ցերեկույթը, որ ապրողների համար մի նոր դաս էր` հիշողության ու նորանոր արարումների: Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 6921 անգամ