ԱՄՆ մուտքի արգելքը չի տարածվի Գրին քարտ ունեցողների վրա. Սպիտակ տուն
2017-01-30 03:19:00

ԱՄՆ նախագահի ապարատի ղեկավար Ռեյնս Պրիբուսը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ մուտքի արգելքը մուսուլմանական 7 երկր քաղաքացիների համար, չի վերաբերում Գրին քարտ ունեցողներին, այսինքն՝ նրանց, ովքեր ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատելու իրավունք են ստացել, հայտնում է BBC-ն։

Միևնույն ժամանակ, նա հայտնել է, որ նրանք, որոնք իրենց անձնագրերում ունեն վերոնշյալ երկրներ այցելելու կնիքներ, ԱՄՆ մուտքի ժամանակ ավելի մանրամասն են ստուգվելու։
«Եթե դուք ճանապարհորդում եք այնտեղ ու հակառակ ուղղությամբ (վերոնշյալ երկրները), ապա ձեզ հետագա ստուգման կենթարկեն»,- ասել է նա։

Պրիբուսը նաև հավելել է, որ վերոնշյալ երկրների բոլոր քաղաքացիները, ներառյալ նրանց, որոնք ունեն ԱՄՆ քաղաքացիություն, կարող են ենթարկվել հավելյալ ստուգումների։
Այդկերպ, նա հերքել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության մամուլի քարտուղար Ջիլիան Քրիստենսենի՝ ավելի վաղ արված հայտարարությունը, թե արգելքը սահմանվելու է նաև Գրին քարտ ունեցողների վրա։

ԱՄՆ նախագահ Թրամփը հունվարի 27-ին ստորագրել է հրամանագիր, որը 120 օրով դադարեցնում է փախստականների ընդունումը Միացյալ Նահանգներ, անորոշ ժամկետով արգելում է Սիրիայից փախստականների տեղավորումը և խստացնում է ԱՄՆ մուտք գործելու որոշ կանոններ: 90 օրով արգելվել է նաև ԱՄՆ մուտքը Իրանի, Իրաքի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի ու Սուդանի քաղաքացիների համար։

Այս նյութը դիտել են - 2480 անգամ