Քեթրինի Միհրանը ռազմական գաղտնիք է
2016-12-30 11:08:00



Քեթրինի Միհրանը ռազմական գաղտնիք է

Վերջին մեկ ամսում ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի աննախադեպ ակտիվությունը, ընտրական նախապատրաստությունները, բարեգործ ներկայանալու զարմանալի հակումները շատերին իրավունք տվեցին կարծելու, որ նրա հին մեղքերը ներվել են ու Քեթրինի Միհրանը դարձյալ կարող է սրընթաց վերելք ակնկալել:

Սրա հետ մեկտեղ հայտնի է, որ նրա նկատմամբ գործ է հարուցված քրեական օրենսգքրի 310 հոդվածի հատկանիշներով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով): Ուրեմն ինչպե՞ս հասկանալ այս հակասությունը:

 Իսկ հասկանալու առանձնապես քիչ բան կա: Հինգ ամիս է անցել այն ժամանակից, ինչ Միհրան Պողոսյանը սկսեց դիտվել իբրև կասկածյալ, քանի որ նրա անունը հայտնվել էր «Պանամական փաթեթ» կոչվող ցուցակում, ուր ներգրավված էին փողերի լվացմամբ զբաղվող օֆշորային կազմակերպություններ:

Այս հինգ ամիսների ընթացքում բազմաթիվ հարցումներ են հղվել ՀՀ հատուկ քննչական ծառայությանը՝ գործի ընթացքի մասին տեղեկություն ստանալու ակնկալիքով, բայց ամեն անգամ պատասխանը եղել է միևնույն նախադասությունը. «Լրացուցիչ տեղեկություն չենք կարող հայտնել, նախաքննական գաղտնիք է»:

Կարելի է լրացուցիչ ինչ-որ բան չասել, եթե արդեն որևէ բան ասել ես: Սակայն ՀՔԾ-ն ոչինչ չասելուց հետո է հրաժարվում նաև լրացուցիչն ասելուց, թեև համանման այլ դեպքերի պարագայում շատ անգամներ հնարավոր է եղել ուրիշների առնչությամբ որոշակի ինֆորմացիա ստանալ այս կառույցից:

Բայց Միհրան Պողոսյանի դեպքն առանձնահատուկ է:

Քեթրինի Միհրանը դասվել է ռազմական գաղտնիքների շարքը: 5 ամսում ոչ միայն որևէ բառ չի ասվում, այլև կարծես թե իրականում ոչինչ էլ արված չէ: Կա ընդամենը լուռ սպասում, թե իրադարձություններն ինչպիսի ընթացք ձեռք կբերեն: Եթե ընթացքը վատ լինի, Պողոսյանին կհայտարարեն ժողովրդի թշնամի: Եթե ընթացքը բարի լինի՝ Պողոսյանը կհայտարարվի անմեղ հալածյալ, կարդարացվի ու կսրբացվի:

shame.am

Այս նյութը դիտել են - 2352 անգամ