Արա Աբրահամյանի «թռնող» տեսակը
2016-12-29 22:14:00

Հայ կոմպոզիտորներն էլ կարող են թակարդն ընկնել, եթե այդ թակարդը ոչ թե երաժշտական է, այլ ֆինանսական: Իսկ եթե հավելենք, որ թակարդ լարողն էլ ոչ այլ ոք է, քան Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ապա դժվար չէ հասկանալ, թե թակարդից բացի նրանք ուրիշ ինչի մեջ են ընկել:

Նրանց ընկղմումի պատմությունը մեկնարկել էր առել դեռևս այս տարվա սկզբին, երբ որոշվել էր «Համահայկական մրցանակաբաշխություն-2016»-ի շրջանակներում կազմակերպել էստրադային-հայրենասիրական երգի մրցույթ: Հայ մեծ արվեստասեր և մեկենաս Արա Աբրահամյանն անմիջապես արձագանքել էր դրան և վստահեցրել, որ ինքը և միայն ինքը կարող է երգահանների հովանավորը լինել ու գործի ֆինանսական կողմը անձամբ էր ստանձնել:

Պայծառ հեռանկարից ոգևորված կոմպոզիտորները իսկույն գործի էին անցել, մեկը մյուսի ետևից երգեր էին ծնվել, իսկ հուլիսին ամփոփվել էր մրցանակաբաշխությունը: Բայց առանց պարգևների: Ամենավճռորոշ պահին Արա Աբրահամյանն ու նրա խոստացած փողերն անհետացել էին: Այս իրավիճակն այնքան ծանոթ է, որ նույնիսկ անհրաժեշտություն էլ չկա մանրամասների մեջ խորանալու:

Աբրահամյանի «թռնող» տեսակը վաղուց է հայտնի նրա գրպանի վրա հույս դնող միամիտներին: Միայն ասենք, որ Կոմպոզիտորների միությունը՝ իր ողջ ղեկավար կազմով, մի քանի ամիս շարունակ զբաղված էր որոնողական աշխատանքներով:

Վերջում կարծես թե գտան: Ամեն դեպքում, այսօր երգի մրցույթի հաղթողներին հանձնեցին դիպլոմներն ու պարգևները: Բայց միության նախագահ Արամ Սաթյանը չդիմացավ ու իր խոսքում ասաց, որ երաժիշտները մուրացկան չեն: Հետո նաև նշեց, թե հուլիսին ամփոփված մրցանակաբաշխության պարգևները տեղ հասան նոր տարվա շեմին, մինչդեռ մրցույթը ավանսով չեն կազմակերպում, և եղածից դասեր քաղելով այլևս ավանսով որևէ մրցույթ չի կազմակերպվի:

Արամ Սաթյանը և մյուսները ավելի ճիշտ կանեն, եթե իրենց միտքը կենտրոնացնեն ոչ թե ավանսների վրա, այլ այն խնդրի, թե ում են վստահում ստեղծագործական պրոցեսի գնահատումը: Նույնիսկ երեխան գիտի, թե ինչ արժի Աբրահամյանի խոսքը: Իսկ մի ամբողջ միության նախագահ այդ պարզ ու հասարակ ճշմարտությունը դեռ չի յուրացրել:

shame.am 

Այս նյութը դիտել են - 1087 անգամ