Վազգեն Սարգսյանը սպանված է, և չկա այն մեկը, ումից Տեր-Պետրոսյանը կսարսափեր դավաճանական ելույթներ ունենալ.1in
2016-12-28 12:00:00

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը:

– Պարոն Մարտիրոսյան, ի՞նչ եք կարծում՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբերակներն ի՞նչ ազդեցություն կունենան քաղաքական ուժերի ապագայի վրա՝ խորհրդարանական ընտրությունների մասով: Արդյոք տվյալ քաղաքական ուժին ընտրողը կառաջնորդվի՞ այն հարցով, թե այդ ուժն ինչպես է տեսնում կոնֆիկտի կարգավորումը:

– Այսպես կոչված՝ ՀԱԿ-ի, իսկ ավելի շուտ՝ Հակազգային Կոնգրեսի պարագայում՝ այո: Հայ ժողովրդի մեջ առկա դավաճանական տրամադրություններ դավանող քաղաքացիները կընտրեն այդ կուսակցությանը, մնացածի պարագայում դավաճանությունը չի լինի առաջնային ուղենիշ: Ասեմ նաև, որ ես չեմ ընդունում «Ղարաբաղյան հարցի կարգավորում» ձևակերպումը: Արցախյան հիմնախնդիրը չունի կարգավորում, եթե չենք ուզում ԼՏՊ-ի առաջարկած տարբերակով խնդիրը լուծել. հանձնել Հայաստանի բանալիները, անջատել լույսերը և մեկնել, ասենք, Թասմանիա: Խնդիրը կլուծվի, երբ երկու հակամարտող կողմերից մեկը կապիտուլյացիայի ենթարկվի: Դա նույն իրավիճակն է, ինչ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը, որտեղ Իսրայելը, ի տարբերություն անկամ և իրեն անհեթեթ պահող Հայաստանի, գնում է հակառակորդին իր հավակնած տարածքներից իսպառ հեռացնելու:

– Արդյոք պե՞տք է ընտրություններից առաջ քաղաքական ուժերի, դաշինքների օրակարգում հստակեցվի, թե նրանք այդ հակամարտության կարգավորումն ինչպես են տեսնում:

– Այո: Վաղուց ժամանակն է: Բայց հստակեցնելու բան էլ չկա իրականում: Իրականում պետք է ուղղակի աչքերը լայն բացել և տեսնել, որ իշխող կուսակցության հայացքներն այդ հարցում, ինչպես ինքը՝ նրանց նախահայրն է ասում, քիչ են տարբերվում ՀԱԿ-ի հայացքներից: Թեև իշխող կուսակցությունն ինքն իրենով որևէ տեսակետ չի էլ կարող ունենալ: Այն, ինչ հրահանգվում է, դա էլ դառնում է այդ կուսակցության տեսակետը: Մնացած ուժերից հայտնի է միայն «Ժառանգության» դիրքորոշումը և էլի ևս մեկ-երկու փոքր կուսակցությունների: Հետաքրքիր է վերջապես լսել ՀՅԴ-ին: Հայաստանում ընդհանրապես քաղաքական կուսակցություններն ամլացած են:

– Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը ավելի շատ ներսի լսարանին, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի՞ն էր ուղղված, թե՞ Մոսկվային՝ իշխանություններից ավելի լավ գործընկեր լինելու իմաստով:

– Այն ուղղված էր բոլորին, բայց նախևառաջ՝ սեփական փառասիրությանը: Վազգեն Սարգսյանն այլևս սպանված է, և Հայաստանում չկա այն մարդը, որից այդ առաջին նախագահը կսարսափեր այլևս դավաճանական ելույթներ ունենալ: Հիմա, երբ իշխանությունը իր գիծն է շարունակում, և ընդդիմախոսը միայն հասարակության մի հատվածն է, այդ պսևդոգիտնականը, որ շատ է սիրում միջնադարից սոփեստական օրինակներ բերել, ազատորեն փորձում է համոզել ժողովրդին, որ ինքը ճիշտ էր, որ իր գաղափարը կենսունակ է, և որ  բռնաբարությունից փրկվելու միակ տարբերակը ինքնակամ բռնաբարողի ննջասենյակ այցելելն է: Աբսուրդ է, իհարկե: Բայց եթե հասարակությունը հանդուրժում է դա և պետական դավաճանության մեղադրանք չի ներկայացնում մեկին, որ գալով իշխանության Արցախն ազատագրելու կոչերով՝ ամեն բան արեց և անում է Արցախը հանձնելու համար, ապա դա արդեն վտանգավոր աբսուրդ է: Կենսական վտանգ ներկայացնող անհեթեթություն:

– Հաշվի առնելով քառօրյա պատերազմում Սեյրան Օհանյանի պատասխանատվության բաժինը և այն, որ վերջինիս հետ համագործակցության ցանկություն է հայտնել Մադրիդյան սկզբունքների հիմնադիրներից Վարդան Օսկանյանը, ինչպե՞ս եք գնահատում այս դաշինքի հնարավորությունը:

– Չգիտեմ: Որքան հասկանում եմ՝ Օհանյանը լքել է իր պաշտոնը կոնֆլիկտով: Եվ քանի որ ցանկանում է շարունակել մնալ իշխանության մեջ, թերևս նոր գործընկեր է տեսնում Օսկանյանի մեջ: Ինձ, անկեղծ ասած, Օհանյանի հանգամանքն այս պահին հետաքրքիր չէ: Պաշտոնաթող պաշտոնյաներ, որ մտնում են քաղաքական պայքարի մեջ, Հայաստանը շատ է տեսել: Դրանից ոչինչ չի փոխվել դեռևս: Եվ հիմա հաստատ չի փոխվելու:

– Փոխզիջումներով կարգավորման հնարավորություն տեսնողները մեղադրում են «ոչ մի թիզ հող» ասողներին՝ ընդգծելով, թե մյուս տարբերակը պատերազմն է: Բայց արդյոք հայկական կողմն այդ պատերազմին պատրա՞ստ է:

-Նախ՝ ես հպարտ եմ, որ ազգային դավաճանը ինձ դասում է «ոչմիթիզհողականների» թվին և ինչ-որ հղումներ անում: Իր հողն ու ժողովրդին սիրող որևէ մեկը ոչ մի պարագայում չպետք է պատրաստ լինի ոչ մի թիզ հող հանձնելու՝ հատկապես թշնամուն: Մարդկային պատմությամբ հաստատված աքսիոմներից մեկն է. հող հանձնեցիր՝ կորցրիր ամեն բան՝ ներառյալ ազատությունդ, ինքնությունդ և ի վերջո՝ կյանքդ: Հիմա բուն հարցին: Իսկ ո՞ր պարագայում այլընտրանքը պատերազմը չէ: Ե՞րբ են հայերը հասկանալու, որ պատերազմի լինել-չլինելու խնդիրն իրենցից կախված չէ: Հայերը հրաշալի քաղաքացիներ էին Օսմանյան Թուրքիայում: Ծաղկեցնում էին իրենց հայրենիքին տիրած պետությունը, զենք չէին բարձրացնում այդ երկրի դեմ, բայց երկիրը որոշեց ոչնչացնել նրանց՝ միայն այն պատճառով, որ հայ էին, որ զբաղեցնում էին մի տարածք, որտեղ բնիկ էին, իսկ իշխողները՝ եկվոր: Հիմա նույն իրավիճակն է, նույն պատմությունը: Եվ պետք է վերջապես հասկանալ, որ թուրքերն ու ադրբեջանցիները միայն Արցախը չէ, որ ուզում են: Արցախը ստանալով՝ նրանք չեն բավարարվելու, նրանք կանգ չեն առնելու: Նրանց նպատակը Երևանն է՝ ընդհանրապես այս տարածաշրջանից հայկական տարրի վերացումը: Դա տեսնելու անկարողության մեջ է մեր այսօրվա ազգային ողբերգությունը:

Հիմա երկրորդ մասը. ի՞նչ է նշանակում՝ պատրա՞ստ ենք պատերազմի, թե՞ ոչ: Ենթադրենք, ասենք՝ անպատրաստ ենք: Ի՞նչ ենք անելու: Հավաքելու ենք իրերը և փախչե՞նք: Թյուրքական տարրը պատերազմ, միևնույն է, անելու է, հայերին հայկական հողերից փորձելու է քշել, փորձելու է գրավել Զանգեզուրը և ապա՝ Երևանը:

Էլի ենթադրենք՝ պատրաստ չենք: Այլընտրանքը ո՞րն է: Կարևոր չէ՝ պատրաստ ենք, թե անպատրաստ: Պետք է դիմադրել այնքան, որքան կարող ենք, պայքարել այնքան, որքան կարող ենք: Բավական է վախեցնել սեփական ժողովրդին անպատրաստ լինելու և ինչ-որ հարցերում թշնամուն զիջելու հնարավորությամբ: «Իսլամական պետության» մի քանի հարյուր բարբարոսներ մեկ օրում տասնյակ հազարների հասնող իրաքյան բանակից գրավեցին Մոսուլը, որն այսօր նույնքան մեծ պետական բանակ ունի, կամավորներն ու ամերիկյան օդուժը արդեն ամիսներ է՝ չեն կարողանում հեշտորեն ազատագրել:

Կարևոր է ոգին, ոչ թե քանակը, զենքերը կամ սպառազինությունները: Դրանք էլ կարևոր են, բայց երբ չկա ոգի՝ չկա և կյանքի երաշխիք: Հիմա մեզանում մի խումբ ազդեցիկ դավաճաններ բարդ մի գործընթաց են սկսել Հայաստանը Թմկաբերդ դարձնելու՝ կոտրելու ոգին ներսից և երկրի բանալիները կամովին թշնամուն հանձնելու: Այո, պատրաստ ենք: Որքան կարող ենք՝ կդիմադրենք, և թող այս երկիրը լինի նրանը, ով կհաղթի այդ մարտում, բայց նվիրելն այն թշնամուն ոչ միայն ավանակություն է, այլև աններելի դավաճանություն:

Այս նյութը դիտել են - 4459 անգամ