Արմեն Երիցյանին, իհարկե, դժվար կլինի բացատրել, որ աշխատավարձ կարելի էր բարձրացնել նաև ամեն կարգի մսխումների, անտեղի ծախսերի, կերուխումերի, թանկարժեք նվերների, արտասահմանյան ճոխ ուղևորությունների բացառման հաշվին...
2016-01-14 15:23:00

Վերջին շրջանում հաճախակի էին դարձել խոսակցություններն այն մասին, որ իշխանությունները նախապատրաստվում են իրականացնել օպտիմալացման ծրագրեր՝ պետական ապարատի աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու, ինչպես նաև երկրի նյութական միջոցները խնայողաբար օգտագործելու համար: Այս առթիվ տարատեսակ ենթադրություններ էին արվում, բայց այսօր Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը սառը ջուր լցրեց բոլորի լավատեսության վրա:

 Պարզվեց, որ օպտիմալացում ասվածն այլ բան չէ, քան մարդկանց մի մեծ խմբի աշխատանքից զրկելը: Եթե դա պիտի արվի ուռճացված պետական հիմնարկները բեռնաթափելու նպատակով, դա, ինչ խոսք, խրախուսելի է: Բայց արի ու տես, ըստ Երիցյանի, նպատակը բոլորովին այլ է: «Պետք է կրճատումներ լինեն, որպեսզի աշխատավարձերը բարձրացվեն»,- տեղեկացրեց նա: Այսինքն ոչ մի խնայողություն և ոչ էլ արդյունավետ ծրագրերի իրականացում: Ընդամենը որոշ պաշտոնյաներ պիտի ավելի բարձր աշխատավարձ ստանան իրենց գործընկերների գործազուրկ դառնալու գնով: Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանում գործազրկության մակարդակն ահռելի է:

Արմեն Երիցյանին, իհարկե, դժվար կլինի բացատրել, որ աշխատավարձ կարելի էր բարձրացնել նաև ամեն կարգի մսխումների, անտեղի ծախսերի, կերուխումերի, թանկարժեք նվերների, արտասահմանյան ճոխ ուղևորությունների բացառման հաշվին: Բայց նա զբաղված մարդ է, սրա մասին խորհելու ժամանակ չունի: Ժամանակ չունի նաև մտածելու վաղը փողոցում հայտնվող մարդկանց այլ տեղերում աշխատանքի տեղավորելու մասին, թեկուզ մասնավոր սեկտորում: Նորմալ երկրներում դա արվում է պետական ծրագրերի միջոցով, բայց Հայաստանում դրա մասին որևէ մեկն անգամ չի էլ մտածում: ՏԿԱԻ նախարարն էլ չի մտածի:

 

 Shame.am
Այս նյութը դիտել են - 1697 անգամ