Չի բացառվում, որ շուտով մենք տեսնենք, թե ինչպես են Սլավոնական համալսարանում անցկացվում կնունք, թաղում, բանակի քեֆ, ատամհատիկ, գլուխլվա, տրնդեզ, տարատեսակ այլ հավաքույթներ.... (տեսանյութ)
2016-01-14 05:46:00

Այս օրերին համացանցում հետաքրքիր մի տեսանյութ է շրջանառվում: Այնտեղ ներկայացվում է մի էլիտար հարսանյաց հանդես, որը տեղի է ունեցել Հայաստանի Սլավոնական համալսարանում: Նկարահանումները հավանաբար ամռանն են կատարվել, սակայն համացանց է տեղադրվել վերջերս: Եվ այդ փառավոր արարողության գլխավոր հերոսը ոչ այնքան ամուսնական զույգն է, որքան հիշյալ համալսարանի ռեկտոր, նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը:


Վերջինս ամեն բան արել է, որ հատկապես ինքը հայտնվի առաջին պլանում: Ու դա բնական է: Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունները դեռ երբեք չէին վերածվել հարսանյաց սրահի, իսկ հիմա Դարբինյանն այդ նորամուծության հեղինակն է ու ցանկանում է փաստը շեշտել իր ողջ պերճանքով հանդերձ: Դիտելով նրա ինքնագոհ դեմքը, պետք է կարծել, որ նորամուծության հեղինակն այս կետի վրա կանգ չի առնի: Չի բացառվում, որ շուտով մենք տեսնենք, թե ինչպես են Սլավոնական համալսարանում անցկացվում կնունք, թաղում, բանակի քեֆ, ատամհատիկ, գլուխլվա, տրնդեզ, տարատեսակ այլ հավաքույթներ, իսկ տարածքը, սրահը, սպասարկումը տրամադրում է հյուրընկալ Արմեն Դարբինյանը, քանի որ համալսարանը միայն որպես ուսման վայր այնքան էլ շահավետ ու եկամտաբեր չէ նրա համար:

Փոխարենը հսկայական շինությունը կարելի է օգտագործել շատ ավելի նպատակային: Եվ եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ի՞նչը կարող է Դարբինյանին խանգարել համալսարանի ներսում տեղադելու խաղատուն, լողավազան, խորտկարան, վարսավիրանոց, հագուստի խանութ, մերսման սրահ, ավտովերանորոգման արհեստանոց և այլ առաջին անհրաժեշտության կետեր: Կարևորն այն է, որ առաջին քայլն արված է: Եվ ուրեմն` երջանկություն նորապսակներին ու անսահման շահույթ Արմեն Դարբինյանին:

 

Shame.am

Այս նյութը դիտել են - 2416 անգամ