«Էդ մարդուն ուզում են սպանեն, դիակն էլ չտան. պետություն չունենք, մեր պետությունը մեռած է» «ՀԺ»
2016-12-23 15:22:00

Ուղիղ մեկ տարի առաջ տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ «ՀԺ» թղթակիցն Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանից հետաքրքրվել էր` 2016 թվականին Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու հարցը կկարգավորվի՞:

«Ես կարծում եմ հաջորդ տարի այս հարցով կունենանք հստակ առաջընթաց: Նախարարությունը հարազատների հետ կապի մեջ է եւ նրանց էլ տեղեկատվություն տալիս ենք, բայց դրանք աշխատանքներն են, որ կատարվում են կուլիսներում»,-ի պատասխան ասել էր նախարարը:

Երեկ Արփինե Հովհաննիսյանն իր ասուլիսից հետո մի քանի լրատվամիջոցների ասել է, որ Հրաչյա Հարությունյանի արտահանձնման գործում խոչընդոտներ են ծագել:

«Բայց որքանով ես եմ տեղյակ, նրա դեմ քաղաքացիական հայցեր կան, եւ կոնվենցիոն հիմքերի տեսանկյունից դա դիտարկվում է որպես Հրաչյա Հարությունյանին արտահանձնելու խոչընդոտ։ Այս հանգամանքը պարզվեց 2016-ի առաջին ամիսներին»,- նշել է Հովհաննիսյանը։

Հրաչյա Հարությունյանի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ Հրաչյան շատ վատ վիճակում է, իսկ Արդարադատության նախարարությունը ոչինչ չի անում:

- Պարոն Մարտիրոսյան, երեկ Արդարադատության նախարարը հայտարարել է, որ որոշակի խոչընդոտներ են ծագել Հրաչյա Հարությունյանի արտահանձնման գործով, բայց դեռ տարվա սկզբից ասում էին, որ կլուծվի այդ հարցն այս տարվա ընթացքում: Տեղյա՞կ եք ինչ խոչընդոտների մասին է խոսքը:

- Խոչընդոտն այն է, որ երբ որ դատավարություն էր ընթանում, այն ժամանակ խնդիր չեն բարձրացրել, որ ինչ-որ ֆինանսական հարցեր պիտի լուծի զոհվածների ընտանիքների համար: Հիմա եկել է այն ժամանակ, որ չորս տարին պիտի լրանա, ինչ-որ հայց են ներկայացրել, որ էսքան գումար է պետք այս ընտանիքների համար: Երբ որ ես զանգ եմ տալիս Արդարադատության նախարարություն... մինչեւ էսօր նրանք սուտ են խոսել ամեն ինչում, որովհետեւ հաշվի չեն առնում, որ այն տղան, որ ազատամարտիկ է եղել եւ հերոս է կոչվել, կարելի է այդ մարդուն փրկել:

Երեկ չէ առաջին օրը զանգ ենք տվել Հրաչյային, նա ասում է, որ իրեն պահում են խոնավ, մութ տեղում: Ասել է՝ ես չգիտեմ ինձանից ինչ են ուզում այդ մարդիկ, ինչու են տանջում. մեջքը բռնված է, ողնաշարը ցավում է՝ գրիժա ունի, այդ ծանր վիճակում տանում-գցում են մութ սենյակ, այնտեղ էլ կարող է մահանա: Ի՞նչ է մտածում մեր պետությունը, առանց պետության ենք մենք, ինչ խոսում են՝ սուտ է: Ռամիլ Սաֆարովին 2 միլիարդ դոլարով իր պետությունն առավ բերեց այն դեպքում, որ նա մարդ էր սպանել: Մեր պետությունը չի՞ կարողանում արդեն մահվան դատապարտված մի մարդու հանել էդ խոնավ խցից:

- Քանի՞ հայց կա նրա դեմ, քանի՞ քաղաքացի է հայց ներկայացրել: Որքա՞ն գումարի պահանջի մասին է խոսքը:

- Բավականին շատ մարդիկ են դիմել, զոհվածների հետ կապված 18 հոգի եւ բավականին գումարներ են ուզում: Չեն ասում գումարի չափը, բայց գումարի պահանջ ներկայացրել են: Վերջերս տվել են, որ մակագրի, ասել է՝ ես որտեղի՞ց գումար տամ, գումար ունենայի, կտայի՝ կազատվեի, ինչո՞ւ եմ եկել էս մութ, խոնավ սենյակում էս վիճակում նստել: Կրկնում եմ եւ խնդրում եմ գրեք. մենք պետություն չունենք, մեր պետությունը մեռած է: Ստից են խոսում, ինչ ասում են՝ սուտ է, դատախազությունը, բոլորը, ովքեր խոսում են, ստում են: Արդարադատության նախարարությունն, ընդհանրապես, ստից սարքած է:

- Ձեր ասելով Արդարադատության նախարարությունը որեւէ ջանք չի՞ գործադրել, որ արտահանձնումը տեղի ունենա:

- Որեւէ մի բան, ոչինչ չի անում, էս երկու տարի է՝ մեզ խաբում է: Տարվա սկզբին ասեց՝ մենք անպայման էդ հարցը լուծում ենք, պիտի բերենք: Երբ զանգում ենք, ասում են մենք ի՞նչ անենք, մեզնից ի՞նչ կա կախված, Մոսկվայից է կախված: Բա դուք ինչացո՞ւ եք, որ ձեզանից կախված չի: Թող գնայիք, ձեր պահանջը ներկայացնեիք որպես ձեր պետության մարդ, Արցախի հերոս տղամարդ: Հենց խոսում ես, հրապարակային ստից մի երկու բան ասում են ու քաշվում ղրաղ: Մինչեւ հիմա ոչ մի կոնկրետ հարցի չեն պատասխանել: Խոստացել էին, որ բնակարան պիտի տան, սուտ դուրս եկավ, խոստացան, որ պիտի տեղափոխեն, սուտ դուրս եկավ: Ինչպե՞ս հավատանք, այնտեղ մարդ չկա, սուտասաններ են:

- Երեկ չէ առաջին օ՞րն եք վերջին անգամ խոսել Հրաչյա Հարությունյանի հետ:

- Այո, երեկ չէ առաջին օրը խոսել ենք, ասում է՝ ես շատ ծանր վիճակի մեջ եմ:

- Ինչո՞ւ են տարել այդ խուց:

- Ես չգիտեմ, ամիսը 10 օր տանում են՝ գցում փակ խուց, մութ, խոնավ, էդ մարդուն ուզում են սպանեն, դիակն էլ չտան:

- Դիմե՞լ եք ՄԻՊ-ին, որ այնտեղ կապ հաստատի:

- Նոր օմբուդսմենին չեմ դիմել, նախորդին եմ դիմել, ասում է՝ մենք չենք զբաղվում, Արդարադատության նախարարությունն է զբաղվում դրանով: Էլ ի՞նչ դիմեմ ես իրենց:

armtimes.com

Այս նյութը դիտել են - 3791 անգամ