ԱԱ- 2014-ի ամենատարեց ֆուտբոլիստն ինքնասպանության փորձ է կատարել ...
2016-01-13 22:10:00

Կոլումբիայի հավաքականի նախկին դարպասապահ Ֆարիդ Մոնդրագոնը փորձել է ինքնասպանություն գործել, հաղորդում է L’Equipe -ը:

44-ամյա ֆուտբոլիստը ծանր վիճակում տեղափոխվել է Կոլումբիայի Կալի քաղաքի հիվանդանոց: Այժմ կոլումբացու կյանքին վտանգ չի սպառնում: Նշվում է, որ Մոնդրագոնն ընդունել է անթույլատրելի քանակությամբ հակադեպրեսանտներ, որպեսզի վերջ տա կյանքին:

Դեպքից առաջ դարպասապահն Instagram-ում կատարել է հետեւյալ գրառումը. «Միայն ես կարող եմ քննարկել իմ կյանքը, եւ ես հոգնել եմ նրանից, որ չեմ կարողանում պաշտպանել այն»: Ժամեր անց այդ գրառումը հեռացվել է:

Հիշեցնենք, որ Ֆարիդ Մոնդրագոնը հանդես էր եկել Բրազիլիայում կայացած ԱԱ-2014-ում եւ դարձել աշխարհի առաջնությանը մասնակցած ամենատարեց ֆուտբոլիստը՝ ռեկորդը գրանցելով 43 տարեկան 4 օրականում:

 
Այս նյութը դիտել են - 1564 անգամ