Նվե՞ր, թե՞ կաշառք
2016-01-13 21:21:00


Օրերս հայտնի դարձավ, որ ԿԳ նախարարությունը իր ենթակայության տակ գործող հաստատություններին խնդրել է Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստ հանձնել թանկարժեք նվերները, որոնք գերազանցում են իրենց աշխատավարձի հնգապատիկը: Այն, որ Աշոտյանը հանկարծ հիշել էր դեռևս 1993 թվականից ուժի մեջ մտած կառավարության որոշումը, դա արդեն վատ չէ: Ընդ որում այդ որոշումը վերաբերում է բոլոր պետական կառույցներին:

 Բայց գեղեցիկ ու խելացի որոշումը դեռ չի ենթադրում նույնքան գեղեցիկ ու պարտաճանաչ կատարում: «Մինչ օրս որևէ մեկը որևէ թանկարժեք նվեր գործակալությանը չի հանձնել: Նույնը վերաբերում է վերջին մի քանի տարիներին՝ թանկարժեք նվեր չի հանձնվել մեզ»,- հայտարարում է ՀՀ Ֆինանսների նախարարության Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների հաշվառման և կառավարման բաժնի պետ Սասուն Հեբոյանը՝ դրանով իսկ հաստատելով, որ օրենքն ու կարգը ոչ մի արժեք չունի և իսպառ բացակայում է վերահսկողությունը:

Մինչդեռ գաղտնիք չէ, որ մեր պաշտոնյաները՝ վերևից ներքև, պարբերաբար և շատ հաճախ են նվերներ փոխանակում: Երբեմն նույնիսկ հայտնվում են դրանց լուսանկարները: Սակայն, ինչպես տեսանք, ստանալուն պես նրանք դա համարում են իրենց սեփականությունը և փաստացի յուրացնում են պետության ունեցվածքը՝ դրա համար որևէ պատիժ չկրելով: Իսկ եթե ասվածին էլ հավելնք, թե նվերներն ինչպիսի արժեքներ են ունենում, ապա հստակորեն գործ ունենք առավել խոշոր չափի յուրացումների դեպքերի հետ, ինչը քրեորեն պատժվում է երկար տարիների ազատազրկմամբ:

Հիմա նրանք, ովքեր կոչված են կարգավորել այդ հարաբերությունները, մի շատ հարմար պատճառաբանություն են հորինել: «Դա անվերահսկելի գործընթաց է»,- միաբերան կրկնում են նրանք: Բայց ի՞նչ է նշանակում անվերահսկելի: Հատկապես ի՞նչը չի կարելի վերահսկել: Նվեր տա՞լը, թե՞ նվեր վերցնելը: Որովհետև եթե խոսում ենք նվերների մասին, դա թափանցիկ գործընթացի դրվագ է: Իսկ դրա քողարկվածը կոչվում է կաշառք և միայնգամայն այլ վերաբերմունք է պահանջում:

Ստացվում է, որ վերահսկողները նախ պիտի հստակեցնեն, թե իրենց գնահատմամբ դրանցից ո՞ր մեկն է անվերահսկելի և նոր միայն քայլեր ձեռնարկեն երկրի եղածը երկրի պահուստ տանելու համար:




Shame.am

Այս նյութը դիտել են - 1335 անգամ