ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀ ԴՐԵՑԻՆ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԶԻՆԱԿՈՉԻԿՆԵՐԻՆ...
2016-01-13 15:40:00

ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀ ԴՐԵՑԻՆ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԶԻՆԱԿՈՉԻԿՆԵՐԻՆ

ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀ  ԴՐԵՑԻՆ  ՁՄԵՌԱՅԻՆ  ԶՈՐԱԿՈՉԻ  ՀԵՐԹԱԿԱՆ ԶԻՆԱԿՈՉԻԿՆԵՐԻՆ
 
2016 թվականի հունվարի 8-ից Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել է ձմեռային զինակոչը: Էջմիածնում, Արցախյան ազատամարտի հաղթանակը խորհրդանշող հուշարձանի մոտ, ճանապարհ դրեցին ձմեռային զորակոչի էջմիածնեցի հերթական զինակոչիկներին: Ավանդույթի համաձայն, հայոց բանակի շարքերը համալրելու մեկնող զինակոչիկներին ճանապարհ դրեցին Հայ Առաքելական եկեղեցու օրհնանքով: Տեր Արտակ ավագ քահանա Սիմոնյանի աղոթքից հետո տղաներին բարի ծառայություն մաղթեց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:

Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ, զինակոչիկները եւ ներկաները ծաղիկ խոնարհեցին Արցախյան ազատամարտի հաղթանակը խորհրդանշող հուշակոթողին: Քաղաքապետը ապագա զինվորներին օրհնած խաչեր, աղոթագրքեր եւ հիգիենայի պարագաներ հանձնեց: Զինակոչիկներին հպարտությամբ հայոց հաղթանակած բանակ էին ճանապարհում հարազատներն ու ընկերները:

Ձմեռային հերթական զորակոչին զինակոչիկներին ճանապարհելու եկած Էջմիածնի քաղաքապետարանի Կոմիտասի անվան մշակույթի պալատում գործող «Զանգակ» մանկապատանեկան խմբի սաներն իրենց մարտական երգերով բարձր տրամադրություն հաղորդեցին զինակոչիկներին:


 

 


Այս նյութը դիտել են - 1654 անգամ