Դեսպանները ծաղրում են Հայաստանը
2016-12-10 18:39:00
Տարեվերջին ընդառաջ Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետները ամփոփում են իրենց տպավորությունները՝ յուրաքանչյուրն ընտրելով անկեղծացման իր տարբերակը: Ու թեև նրանց միտքն ու դիրքորոշումները շատ հարցերում չեն համընկնում, բայց մի դեպքում կարծես թե բոլորն էլ միանման են: Դեսպանների խոսքում նկատելի է ընդգծված թերահավատություն և ոչ այնքան հաջողությամբ թաքցված հեգնանք: Այլ կերպ ասած՝ նրանք պարզապես ծաղրում են այսօրվա Հայաստանը:
Օրինակ, երեկ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել էր Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզի հետ: Կարճ ասած, Կարայանը Միացյալ Նահանգներից պատրաստվում էր փող մուրալ և դեսպանին խնդրում էր օգնել այդ հարցում:
Ամերիկացուց պակաս անկեղծ չէր եղել նաև ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը: Երբ լրագրողները նրան հարցրել էին, թե իր կարծիքով` կհաջողվի՞ ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին պայքարել օլիգարխիայի, մենաշնորհների դեմ, դեսպանն ասել էր. «Օլիգարխ բառը վաղուց դուրս է եկած մեր բառապաշարից, մոռացված բառ է, Գերմանիայում կան մեծահարուստներ, որոնք հարստացել են իրենց աշխատասիրությամբ, ազնիվ ճանապարհով»։
Դեսպանի պատասխանն ուղղված էր ոչ այնքան լրագրողներին, որքան վարչապետին և փաստացի ներկա կառավարության գնահատականն էր, որը դեռ չի կարողացել ինչպես որ հարկն է պայքարել անօրինականության ու թալանի դեմ, իսկ Եվրոպան չի կարող աջակցել մի երկրի, որտեղ աջակցությունը տեղ չի հասնում:
Այս իմաստով պետք է առանձնացնել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Վերջինս չի պատրաստվում ամբողջ մեղքը բարդել միայն իշխանությունների վրա, այլ ակնկալում է հասարակության վերաբերմունքի փոփոխություն, քանի որ կաշառք վերցնողները չեն լինի, եթե չլինեն կաշառք տվողներ: «Հուսով եմ՝ միասին կկարողանանք ՀՀ բնակիչներին հասկացնել, որ կաշառք ընդունելը չէ երկրի ապագան փոխելու ճանապարհը: Ձեր ապագան 10 հազար դրամ չարժե»,- ասաց նա՝ արձանագրելով այն տխուր իրողությունը, որ մինչ օրս մեր անցյալն ու ներկան հենց այդքան էլ արժեին:
Հիմա հերթը Հայաստանինն է:
Կամ մեր երկիրը կշարունակի մնալ ծաղրուծանակի առարկա, կամ կապացուցի, որ մենք ապագան շատ ավելի թանկ ենք գնահատում:
shame.am
Այս նյութը դիտել են - 1416 անգամ