ՄԻ ՏԽՈՒՐ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
2016-12-09 22:46:00
 
Այսօր սահմանադրության օրն է... 
Այդ օրվա հետ կապված` հիշողություն ունեմ, որ ամեն տարի այս օրը իրեն հիշեցնել է տալիս: 
Երեսուներեք տարի է անցել, բայց չեմ մոռանում: Ամեն տարի այս օրը ուզում եմ դրա մասին խոսել, անցած տարի էլ այդ մասին գրեցի, գուցե այդպես թեթևանա հոգիս:
Գերազանց ավարտել էի բարձրագույնը…Հետբուհական իմ երիտասարդ տարիների հիշողության մեջ այդ օրը սեպի նման խրվեց...
Կողքիս տղամարդու կողմից ապտակի արժանացա, երբ նոր կյանքի մեջ մտած, դեռ ուսանողական տարիների տպավորության տակ` օրենքներ սերտած նախկին ուսանողուհիս ասաց, որ սահմանադրության մեջ գրված է, թե տղամարդ և կին հավասար են իրենց իրավունքներով:
Երկրորդ հարվածը նախկինից ավելի ուժեղ էր, երբ ավելացրի, որ դա գրված է սահմանադրության 21-րդ կետում:
Իրավունքներս ոտնահարված` չկարողացա ապրել այդ «ափսեում», որ այս չակերտների նման ինձ պարփակել էր իր մեջ:
Շուտով այդ «ափսեից» դուրս եկա, չսպասեցի, որ մի երրորդ անգամ էլ ֆիզիկական մի նոր սուր ցավ զգամ...  
Ո՞վ էր մեղավորը` սահմանադրությու՞նը, ե՞ս, թե՞ նա, որ անհայր երեխա մեծացրի` համոզված, որ օրենքի առջև, անկախ սեռից, բոլորն էլ հավասար են...Իմ ազատությունն ու անկախ իրավունքները գրկած` այս կյանքում շատ դժվարություններ եմ հաղթահարել և այդ ճանապարհին ձեռք բերել այն մեծ հարգանքը, որ ունեմ այսօր իմ շրջապատում:
Այս երեք տասնյակ տարիների ընթացքում ապրել եմ ազատ, իմ իրավունքների համար մաքառելով, շատ օրենքներ եմ սովորել, և դրանք կյանքի դաս դարձրել ինձ համար, բայց, անկեղծ ասած, այսօր չգիտեմ, թե որ կետում է մեր սահմանադրության մեջ գրված տղամարդու և կնոջ իրավունքների հավասարության մասին, որն այն ժամանակ կարողացավ ճակատագիր փոխել իմ կյանքում:

Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 1812 անգամ