Դասական դարձած նախադասություն. «Լավ չեք ապրելու»
2016-12-09 11:26:00
Վարչապետն անիծեց Հայաստանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել էր Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա, հանդիպել գիտական կազմակերպությունների ղեկավարներին, քննարկել գիտության ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:

Նրանից առաջ մյուս վարչապետներն էլ էին եղել այս հարկի տակ, բայց այդ այցերից ոչ գիտությունն էր առաջընթաց ապրել, ոչ էլ ԳԱԱ-ի ղեկավարությունն էր տեղից շարժվել:

Այդ շարքում Կարապետյանը թերևս ամենաիդեալիստն է, քանի որ այսօր առաջարկել էր հանդիպումը կառուցել հետևյալ թեզի և գաղափարի շուրջ. ինչպե՞ս անել, որ գիտնականները լավ ապրեն: Իսկ հետո արտասանել էր մի նախադասություն, որը չէր կարող անտարբեր թողնել ներկաներից որևէ մեկին: Նա ասել էր. «Այսպես շարունակելով՝ մենք լավ չենք ապրելու»:

Նա, ով դեռ թարմ հիշողություն ուներ, անմիջապես մտաբերեց նույն նախադասությունը, բայց արտաբերված մեկ ուրիշի կողմից:

Տարիներ առաջ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը այն ժամանակ դեռ «Կարծիք» հաղորդաշարի հաղորդավար Սերգո Երիցյանի միամիտ հարցին նույն կերպ պատասխանեց. «Լավ չես ապրելու, Սերգո ջան»:

Անցել է շուրջ 20 տարի: Բազում ղեկավարներ են եկել ու գնացել, բայց նրանք բոլորն էլ այսպես թե այնպես միակ ու գլխավոր հարցադրմանը արձագանքել են այդ դասական դարձած նախադասությամբ. «Լավ չեք ապրելու»:

Եվ ստացվել է այնպես, որ երկիր կառավարումը դարձել է այդ միակ ու անփոխարինելի մտքի կրկնությունը՝ իբրև անեծք ու ճակատագիր այս երկրի բնակիչներին:

shame.am
Այս նյութը դիտել են - 1391 անգամ