Անկեղծ լինելը դժվար գործ է, բայց հատուկ է երեխաներին
2016-12-09 09:17:00
Ինքնախոստովանությա՞ն, թե՞ անկեղծության դասաժամ էր իրենց դասղեկի հետ, ու ես առանձին-առանձին լսում եմ 7-րդ ա դասարանի աշակերտներին: Իմ հարցին, թե ինչպիսին են իրենք` որպես դպրոցական, անկաշկանդ արձագանքեցին: Երբ հարցրի, թե յուրաքանչյուր աշակերտ ինչ զգացողություն է ապրում կամ ինչ ապրումներ կունենա, եթե նրա խոսքը, ասված խելացի միտքը տեղադրվի հանրության համար տեսանելի հարթակում, նրանք անմիջապես անկեղծացան: 
Հակոբյան Մանե: «Որքան գիտեմ, ես համեստ եմ, առայսօր դեռ չեմ լսել, որ իմ վարքից որևէ մեկը բողոքեր: Դաստիարակությունս գալիս է ծնողներիցս, ես նրանցից դեռ շատ բան ունեմ սովորելու: Վերջերս իմ շարադրությունը երբ հրապարակվել էր և հանրությանը տեսանելի դարձել, անչափ ուրախացա: Մայրս Հայաստան էր գնացել, երկու օրից վերադարձավ, այդ անակնկալից նա այնքան էր ուրախացել, որ հուզվեց ու սկսեց արտասվել: Եվ որքա~ն հպարտացա ես, երբ դասղեկս այդ հրապարակած նյութը տեղադրեց նաև դասարանի պատի թերթում»:
Մանուկյան Արմինե: «Երբեմն ես էլ եմ չարություն անում: Լինում են դեպքեր, նորմալ չեմ պատրաստվում դասերին, բայց գիտեմ, որ մեծանալով կփոխվեմ, կդառնամ կարգապահ: Մի անգամ ես էլ երևացել եմ բոլորին, երբ ուսուցչուհիս գրեց իմ մասին: Այդ օրը մեկ ուրիշ ուսուցչի դասաժամ խանգարել էի, չէի լսել նրա դիտողությունը, դասղեկս ինձ «պատժեց», հաջորդ օրը ես զգացել էի իմ սխալը, եկա դպրոց, ձեռքիս վարդեր կային, դասղեկիս նվիրեցի»:
Հակոբջանյան Լյուբա: «Ես` որպես աշակերտուհի, չեմ կարող ինձ այնպես նկարագրել, ինչպես ուսուցչուհիս: Փորձում եմ պահել ինձ աշակերտուհուն վայել, դասերին լինել ուշադիր, լավ սովորել, լսել ուսուցիչներիս, լինել կարգապահ: Համեմատած անցած տարիներին` հիմա ավելի կարգապահ եմ, ավելի լավ եմ սովորում, ուզում եմ ավելի խելոքանալ: Երբևէ իմ մտքերը չեն հայտնվել որևէ կայքում, որ տեսանելի լինեն շատերին, բայց չեմ էլ կարողանում նկարագրել, թե ինչ երջանկություն կապրեի, եթե իմ գրածը կարդային ու հավանեին ուրիշները: Երանի թե մի օր էլ իմ ծնողները հպարտանային ինձանով»:
Մկրտչյան Անի: «Որպես աշակերտուհի` ջանասեր եմ և ուզում եմ շատ նպատակներ իրականացնել, բայց մի քիչ ծույլ եմ: Հանրության առջև այդ տարածքում երբևէ չեմ երևացել, բայց չեմ էլ կարող նկարագրել, թե ինչ ապրումներ կունենայի: Ես դեռ չեմ հանձնվում, որոշել եմ մի գեղեցիկ շարադրություն գրել, որպեսզի իմ մտքերը ուրիշ մարդիկ էլ կարդան: Երբ պատկերցնում եմ, որ հանկարծ մի օր իմ նկարն էլ կտեսնեմ տեղադրված, իմ խոսքերն էլ կկարդան ուրիշները, չեմ պատկերացնում, թե ինչ հպարտություն կապրեմ: Չեմ տխրում, իմ դասընկերների հաջողություններով ուրախանում եմ և համոզված եմ, որ մի օր էլ ես կերևամ»:
Նայում եմ այս փոքրիկ արցախուհիների խմբանկարին, ես էլ պատկերացնում, թե ինչ զգացողություն կունենան, երբ իրենք երևան հանրությանն այս տարածական աշխարհում: Որքա~ն եմ սիրում, երբ այսքան մաքուր, անկեղծ ու շիտակ են նրանք, և հիշում եմ հայտնի խոսքը, որ անկեղծությունը ճշմարտության մայրն է, բայց դժվար գործ է, և այն հատուկ է միայն ազնիվ մարդկանց, այդ թվում` երեխաներին, մաքուր ու անբիծ այդ պարզ հոգիներին:

Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 1967 անգամ