Շուտով կպայթի ՀՀԿ-ի հերթական գազավորված փուչիկը
2016-12-05 10:31:00

Այս տարիների ընթացքում իշխող ՀՀԿ գյուղապետարանից մինչև քաղաքապետարան, փոքր կրպակից մինչև սուպերմարկետ, մանկապարտեզից մինչև դպրոց ներխուժեց ու պարտադրեց կուսակցականացվել:Առանց խնայելու` կուսակցականացվեցին տնօրենից մինչև գանձապահ ու հավաքարար:

ՀՀԿ- ի արատավոր շրջապտույտը այսօր էլ կանգ չի առնում՝ չխնայելով ոչ ոքի՝վարչապետից մինչև նախկին կոմունիստ ու կոմունիստի ստեղծած հիմնարկ:

1966 թ. ստեղծված Հրազդանի ՋԷԿ-ում այսօր կատարյալ քաոս է, որը սկսվեց ճիշտ այն պահից, երբ հանրապետականացվեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Հենց այդ պահից կամավոր, բայց պարտադրված, կուսակցականացվելու <<շրջաբերական>> ուղարկվեց Կարեն Կարապետյանի հարազատ <<Գազպրոմի>> ենթակայության տակ գտնվող բոլոր հիմնարկների աշխատողներին, այդ թվում և Հրազդանի ՋԷԿ-ին՝ պահակից մինչև տնօրինություն, ինչպես նաև այդտեղ աշխատող մասնավոր ընկերությունների աշխատողներին:

Աշխատողների ստվար մասը արդեն գրել են կուսակցականացվելու դիմումները, քանի որ հասկացել են՝ պահանջը խիստ ու կոնկրետ է դրված: Սրանք հորջորջված այն 7000 հանրապետականներն են, ովքեր իբր մի գիշերում նժդեհականացվեցին, հավատացին, կուսակցականացվեցին ու ՀՀԿ-ին մի լավ հրճվանք պատճառեցին:

Եվ ՀՀԿ-ն այնքան լուրջ վերաբերվեց այս կրկեսին, որ քաղաքական այլ ուժերի հորդորեց չմտահոգվել.«Մի’ մտահոգվեք, մենք էլ ընդդիմադիրներին ցանկանում ենք, որ մեկ գիշերում համալրվեն 20-30 հազար անդամներով»:

Մինչդեռ այս պարագայում մտահոգվողը մեկը պետք է լինի՝ ՀՀԿ-ն, որը համառորեն չի կարողանում ձերբազատվել կոմունիզմի նիհրից և, Նժդեհ ասելով, կոմունիզմ կկառուցի:

Ինչպես ասում են՝ Սերժ Սարգսյանի թագավորությունում ինչ-որ բան այն չէ՝ նույն գազավորված ու պարտադրված շրջապտույտն է: Իսկ պարտադրված կուսակցականացվել, դեռ չի նշանակում այդ կուսակցությանը ձայն տալ: Եվ բացի այդ Հրազդանում գործող այլ կուսակցական կառույցներ իրենց կուսակիցներից ստանում են ահազանգեր, որ կանգնել են պարտադրված երկընտրանքի առջև՝ կամ կուսակցափոխ լինել, կամ աշխատանքը կորցնել:

Որոշ կուսակցությունների գրասենյակներ արդեն այդ ուղղությամբ անցել են գործի, քանի որ նույն ՋԷԿ-ում կան մարդիկ, որ անգամ այս ծանր պայմաններում գերադասում են կորցնել աշխատանքը, քան թե դառնալ մասնիկը այն կուսակցության, որն ամեն օր օրինականացնում է ապօրինի թալանը, սովն ու աղքատությունը:

Ինչպես ասում են՝ շուտով կպայթի ՀՀԿ-ի հերթական գազավորված փուչիկը:

politinfo.org

Այս նյութը դիտել են - 2793 անգամ