ՀՀԿ-ի ներսում կուտակված գազերը կարող են որովայնի լուրջ ցավեր առաջ բերել
2016-11-28 15:25:00
Մի գիշերվա մեջ Հանրապետական կուսակցությանը անդամագրված 7000 քաղաքացիների առեղծվածը հետզհետե գաղտնազերծվում է: Հիմա գոնե հասկանալի է դարձել այն տեղեկության իմաստը, որ վարչապետ Կարեն Կարապետյանի ՀՀԿ-ական դառնալը ուղղակի իմաստով ներշնչման աղբյուր դարձավ մի քանի հազար մարդու համար: 
Եվ պարզվեց, որ ամեն բան շատ պարզ ու հասարակ է:
Այդ 7000-ն էլ գազի ոլորտի աշխատակիցներ են, այսինքն, վարչապետի նախկին (և, ինչու՞ չէ, նաև ներկա) ենթակաները: Մարդկանց ասացին, որ պիտի անդամագրվեն, նրանք էլ լուռ ու մունջ կատարեցին հրահանգը, քանի որ ոչ ոք չէր ցանկանում գործազուրկ դառնալ:
ՀՀԿ-ում այս փառապանծ հաղթանակն ընկալվեց իբրև Կարապետյանի գեղեցիկ ու թանկարժեք նվերը հարազատ կուսակցությանը:
Բայց, ինչպես ասում են, ՀՀԿ-ականները դեռ տաք են և լիովին չեն գիտակցել եղածի ամբողջ բովանդակությունը:
Բանն այն է, որ իր 7000 նորագիրներով վարչապետը փաստացի կուսակցություն բացեց կուսակցության ներսում:
Դրան կարող ենք պայմանականորեն անվանել «Գազի կուսակցություն»:
Եթե սրան էլ գումարենք իշխանական լծակների մոտ հայտնված այն պաշտոնյաներին, որոնք Կարապետյանի մտերիմներն են ու ներկայացնում են նրա շահերը, ապա «Գազի կուսակցությունը» կդառնա դանդաղ գործող ռումբ ՀՀԿ-ի տանիքի տակ:
Բավական է մի չնչին անհամաձայնություն, և նորերը կապստամբեն հների դեմ:
Պատկերավոր ասած, ՀՀԿ-ի ներսում կուտակված գազերը կարող են որովայնի լուրջ ցավեր առաջ բերել:
shame.am
Այս նյութը դիտել են - 1646 անգամ