Ֆիզմաթը մեր երկրի ինտելեկտուալ հարստություններից է. Արմեն Աշոտյան
2015-12-01 23:59:00
ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցը նշում է իր հիմնադրման 50-ամյակը: Կրթօջախի հոբելյանի առթիվ այսօր դպրոցում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, դպրոցի նախկին տարիների շրջանավարտներ, ծնողներ, մանկավարժներ, աշակերտներ: Շնորհավորելով դպրոցի 50-ամյա հոբելյանը` նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ հպարտ է ՀՀ կրթական համակարգում նման դպրոցի գոյությամբ:
 
«Համատարած խնդիրների հորձանուտում, հասարակական քննադատության և քննարկումների մեջ կարևոր է գտնել հենման կետ, որը տալիս է հույս առ այն, որ այսօրվա և հատկապես վաղվա օրը լինելու է ավելի լավը: Ֆիզմաթ դպրոցը հենց այդպիսի կետերից է ՀՀ կրթական համակարգի համար, այնպիսի աճման կետ, որի վրա կարելի է կառուցել մի հսկայական աշտարակ: Սիրելի շրջանավարտներ, Ֆիզմաթը ոչ միայն ձերն է. այն իր մեծությամբ պատկանում է մեր երկրի ինտելեկտուալ հարստությունների շարքին: Այո, հպարտ եմ, որ այսպիսի աշակերտներ և մանկավարժներ ունենք մեր երկրում, և խնդիրը միայն այն չէ, որ դպրոցը հաղթում է միջազգային օլիմպիադաներում, ծածանում եռագույնը, թեպետ դա ևս շատ ու շատ կարևոր է: Ֆիզմաթը Հայաստանի լավագույն դպրոցն է` իր մասին քիչ խոսող, չափից ավելի համեստ, ոչ շատ պահանջկոտ արտաքին միջավայրի հանդեպ, բայց շատ ավելի պահանջկոտ ինքն իր նկատմամբ: Եվ դրա մասին են վկայում ոչ միայն օլիմպիադաների մասնակցության ցուցանիշները, այլև առաջին տեղը դպրոցների ազգային վարկանիշավորման աղյուսակում: Դպրոցի 50-ամյակը լավ առիթ է ոչ միայն ձեռքբերումների ամբողջացման, այլ նաև զարգացման հնարավորությունների ստեղծման համար: Պետք է գալիք տարիներին անել ավելին, քան արվել է մինչև այժմ: Այն է` բարեկարգել դպրոցի տարածքը, թարմացնել գիտահետազոտական հնարավորությունները և ինչու չէ` ունենալ նոր մասնաշենք: Վստահ եմ, որ դպրոցի հարյուրավոր հայտնի և անհայտ շրջանավարտներ կարձագանքեն մեր կանչին և Ֆիզմաթի համար 21-րդ դարին հարիր պայմաններ կստեղծեն, որովհետև Ֆիզմաթի արդյունքն արդեն 22-րդ դարի է»,-նշել է նախարարը` տեղեկացնելով, որ դպրոցի հաջողությունները գտնվում են երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում. վաղը կայանալիք հանդիսավոր միջոցառմանը ներկա կգտնվի ՀՀ Նախագահը և կհանձնի պետական պարգևներ:
Նախարար Արմեն Աշոտյանը կրթության, գիտության ոլորտում ներդրած ավանդի համար և Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի հիմնադրման 50-ամյա հոբելյանի կապակցությամբ, դպրոցի տնօրեն, ՀՀ վաստակավոր մանկավարժ Հայկազն Նավասարդյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով: 
Մատաղ սերնդի կրթության, դաստիարակության գործում ունեցած ավանդի համար և Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի հիմնադրման 50-ամյա հոբելյանի կապակցությամբ «Աստղագիտություն» առարկայի ուսուցիչ, աստղագիտության օլիմպիական խմբակի ղեկավար Մարիետա Գյուլզադյանը, գլխավոր հաշվապահ Նազելի Ասլանյանը և Վարչատնտեսական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Գևորգ Թամարյանը պարգևատրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով», իսկ դաստիարակ Անահիտ Գյուլխանդանյանը և գանձապահ Սրբուհի Դավթյանը` ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրով:
Այս նյութը դիտել են - 1845 անգամ