Համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է...
2016-01-11 16:21:00

Համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է: Այն առաջին կամ երկրորդ պատերազմի ձևաչափով չի լինելու: Պետական բանակները մեկ ռազմաճակատում ուղիղ չեն բախվելու, սակայն արդեն իսկ մի քանի պետություններ ներգրավված են Սիրայի և Իրաքի տարածքում ընթացող ռազմական գործողություններին:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:

Նրա խոսքով` Սաուդյան Արաբիայի և Իրանի հարաբերություններում էսկալացիան ունի մի քանի պատճառ: Առաջին հերթին դա իշխանության եկած թագավորական նոր ճյուղի հավակնություններն են: Թագավոր Սալմանը մտադիր է իր որդուն՝ արքայազն Մուհամադին անցկացնի հարթ և վստահ, որպեսզի այս ձևով նա հանդես գա որպես ուժեղ ռազմական լիդեր: «Մյուս կողմից` Սաուդյան Արաբիան նպատակ ունի թույլ չտալ ԱՄՆ-ին մերձենալ Իրանի հետ: Այս ամենի հետևանքները դժվար է կանխատեսել: Ես համոզված եմ, որ մոտ ապագայում այս լարվածությունը ավելի կմեծանա, քանի այս ուղղությունը փոխելու միտում չկա: Սա տարածաշրջանային հեգեմոնիայի խնդիր է Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև, որի համատեքստում ընդգրկվում է շիա-սուննի հակամարտությունը»,- ասաց Հայկ Մարտիրոսյանը: Թեև այդ հակամարտությունը նոր թափ է առնում, սակայն քաղաքագետը չի գտնում, որ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններում դա կարող է արտահայտվել: «Չեմ կարծում, թե հակամարտություն կլինի Թուրքիայի և Ադրբեջանի միջև շիական իշխանություն ունեցող Ադրբեջանում ավելի խորը նստած է թուրքերի հետ եղբայրական ազգ լինելու գաղափարը:

Խորհրդային տարիներին ադրբեջանցիների մոտ խեղդվեց կրոնական տարբերությունների գաղափարը: Նրանք իրենց ավելի շատ մահմեդական են համարում, քան շիա կամ սունի: Բացի այդ, Ադրբեջանը բռնակալական երկիր է, որ շարժվում է իշխող համակարգի դիրքորոշման համաձայն, իսկ ալիևները Թուրքիայի հետ ամուր հարաբերությունների կողմնակից են»:

Հայկ Մարտիրոսյանը նկատեց, որ Իրան- Թուրքիա հակասությունները նույնպես գնալով ավելի զգալի են դառնում: Թուրքիան մտերիմ հարաբերություններ ուներ Քաթարի հետ, բայց հիմա ավելի շատ կողմնորոշված է դեպի Սաուդյան Արաբիան: Ինչ վերաբերում այս համատեքստում Հայաստանի ապագային, ապա, ըստ քաղաքագետի, մենք գտնվում ենք այնպիսի տարածաշրջանում, որտեղ անհնար է անմասն մնալ ընդհանուր գործողություններից: «Եթե մենք պրոակտիվ քաղաքականություն վարեինք, քրդերի հետ հարաբերություններ կունենայինք արդեն: Ակնհայտ է, որ Թուրքիայի տրոհումը ժամանակի հարց է միայն: Հայաստանը պետք է դադարի ռեակտիվ քաղաքականություն վարել: Այդպիսի զգուշավոր քաղաքականությունից պետք է զգուշանալ»,- եզրափակեց Հայկ Մարտիրոսյանը:

 

http://ankakh.com/

Այս նյութը դիտել են - 1495 անգամ