Զոհված զինվորի մորը չեն կարողանում հայտնել գույժը...
2016-01-10 23:28:00

Զոհված զինվորի մորը չեն կարողանում հայտնել գույժըԶոհված զինվորի մորը չեն կարողանում հայտնել գույժը

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը քիչ առաջ մեզ հետ զրույցում հայտնեց, որ երեկ երեկոյան Արցախում հակառակորդի կրակոցից զոհված Արամայիս Ոսկանյանը ծնողների միակ որդին էր. նա երեք քույր ունի: Մորը դեռ չեն կարողանում գույժը հայտնել:  

Նրանց տանից քիչ հեռու հերթապահում է շտապօգնության մեքենան:

Մարզպետը մեզ հայտնեց, որ զոհված զինվորի դին այդ պահին դեռ Երեւանում է: Վաղը Արամայիս Ոսկանյանի հոգեհանգիստն է, մյուս օրը՝ հուղարկավորությունը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Արամայիս Ոսկանյանը Գավառից է, նա 2 շաբաթից կդառնար 20 տարեկան: Ըստ ամենայնի, զոհված զինվորին կհուղարկավորեն Գավառում:

Հիշեցնենք, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը այսօր տեղեկացրել էր, որ հունվարի 9-ին` ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Արամայիս Յուրիկի Ոսկանյանը: «Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին»,- ասված էր ԼՂՀ ՊԲ հաղորդագրության մեջ:

Անդրադառնալով տեղի ունեցածին, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում այսօր գրել էր. «Հակառակորդը կրկին սրում է որոշակի կայունացման միտումներ ունեցող իրավիճակը՝ օգտագործելով դիպուկահար կրակ: ԼՂՀ-ում զոհ ունենք, ցավակցում ու զորակցում ենք Արամայիս Յուրիկի Ոսկանյանի ընտանիքին ու հարազատներին: Հայկական ԶՈւ-երը ոչինչ անպատասխան չեն թողնի ու կրկին անգամ «Զինված դիմակայության» աստիճանի բարձրացման եւ հետագա գործողությունների ողջ պատասխանատվությունը ընկնելու է ադրբեջանական կողմի վրա»:

 http://armtimes.com/
Այս նյութը դիտել են - 1615 անգամ