ՊՆ-ը պետք է արագ մաքրի բանակը զինվորասպան հրամանատարներից.«Ժողովուրդ»
2016-11-19 19:17:00

«Ժողովուրդ» թերթը գրում է.

 «Լրատվամիջոցների ղեկավարների հետ նոյեմբերի 15-ին կայացած հանդիպման ժամանակ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչ հանգամանքներում են այդ օրը վիրավորվել 6 զինվորներ, որոնցից 2-ը անհետաձգելի բուժօգնություն են ստանում Երևանի Մուրացանի հոսպիտալում:

 Նախարարը հերքեց՝ ասելով, որ նման միջադեպ չի եղել, համենայնդեպս, իրեն այդպիսի բան չեն զեկուցել: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ իրականում այդ օրը 2 զինվորներ ծանր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են: Նրանցից մեկը ծագումով արցախցի է՝ Գևորգ Սեյրանի Դադասյանը, մյուսը՝ Ռոման Արայի Սուքիասյանը, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչ:

Իսկ ի՞նչ հանգամանքներում և ի՞նչ վիրավորում են ստացել, «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը, ճշտումեր անելուց հետո, հակիրճ պատասխանեց. «Ձեր կողմից հիշատակված միջադեպը, ըստ որի՝ վեց զինծառայող է վիրավորվել, տեղի չի ունեցել: Իսկ նշված երկու զինվորականները վիրավորում ստացել են երկու տարբեր հանգամանքներում, երկու տարբեր օր: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում՛՛:

Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գևորգ Դադասյանի աչքը հեռացրել են: Իսկ թե ինչ հանգամանքներում են վիրավորվել, հուսանք՝ պաշտոնապես երբևէ կհայտնեն»:

Հ.Գ. Ստացվում է, որ երկու զինվորներն էլ նույն զորամասում են վիրավորվել: Արդյո՞ք դա սահմանային զորամասերից չէ, որտեղ կասկածելի մահվան դեպքերը հաճախակի են լինում: ՊՆ-ը պետք է արագ տեղեկատվություն հայտնի հանրությանը նման ցանկացած միջադեպի մասին և նշի այդ զորամասի, կորպուսի կասկածելի հրամանատարների անունները: Նրանք իրենց զորամասերում միտումնավոր են հանցավոր միջավայր ստեղծում…շահադիտական նպատակով: Այլ բացատրություն կարծես չկա:  

Արդեն գրեթե բացահայտ և անպատժելի ձևով զինվորների մահվան, վիրավորման դեպքեր են լինում, Խաչատուրովի ղեկավարած Տավուշի, Արցախի հյուսիսային, հյուսիս-արևելյան, հարավ-արևելյան և հարավային սահմանային հենակետերում:  

Մեր զինվորներին որոշ տականքներից փրկել է պետք և շատ արագ:

Այս նյութը դիտել են - 4988 անգամ