Քուվեյթում ՀՀ դեսպանը 8 հողամաս է հայտարարագրել, անհատական բնակելի տներ, կիսակառույց շինություններ ու բնակարաններ
2016-11-18 01:28:00

Նախագահի հունիսի 2-ի հրամանագրով ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը նշանակվեց Քուվեյթում ՀՀ դեսպան: 
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված եկամուտների և ունեցվածքի 2016թ.-ի հայտարարագրի համաձայն՝ Մանվել Բադեյանի եկամուտները պաշտոնը ստանձնելուց հետո կազմել են 2 միլիոն 449 հազար 300 դրամ, ինչը կազմվել է աշխատանքի վարձատրության գումարից:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Մանվել Բադեյանը հայտարարագրել է 300 միլիոն դրամ, 40 հազար եվրո ու 1 միլիոն 625 հազար դոլար:
Ըստ հայտարարագրի՝ դեսպանն ունի նաև երկու ավտոմեքենա, մեկը՝ MERCEDES-BENZ 300 մակնիշի, մյուսը՝ MERCEDES-BENZ S 320:

Իսկ Մանվել Բադեյանի անշարժ գույքն, ըստ փաստաթղթի, բավական ընդգրկուն է: Բադեյանն ունի անհատական բնակելի 2 տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով, անավարտ՝ կիսակառույց շինություններ, 8 հողամաս, արտադրական նշանակության 2 շինություն, բազմաբնակարան բնակելի շենքում 2 բնակարան:

2015թ.-ին Մանվել Բադեյանի եկամուտը տարեկան կտրվածքով կազմել է 26 միլիոն 480 հազար 660 դրամ, որից 7 միլիոն 030 հազար 660 դրամը կազմվել է աշխատավարձից, իսկ 19 միլիոն 450 հազար դրամը՝ շահաբաժնից: Նախորդ տարի Մանվել Բադեյանը անշարժ գույք չի հայտարարագրել:

Ի դեպ՝ Մանվել Բադեյանի փոխկապակցված անձը՝ նրա կինը՝ ՀՅԴ անդամ, նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը, հայտարարագիր չի ներկայացրել:

Այս նյութը դիտել են - 6395 անգամ