Եթե ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց եք թողել...
2016-01-09 20:40:00

 Ժառանգը կարող է առանց դատարան դիմելու ժառանգությունն ընդունել այն ընդունելու համար սահմանված ժամկետի ավարտից հետո, եթե առկա է ժառանգությունն ընդունած մնացած բոլոր ժառանգների համաձայնությունը: Նման համաձայնություն պարունակող փաստաթղթերի վրա ժառանգների դրած ստորագրությունները պետք է վավերացվեն սահմանված կարգով: Ժառանգների նման համաձայնությունը հիմք է նոտարի կողմից նախկինում տրված ժառանգության իրավունքի վկայագիրը չեղյալ համարելու և նոր վկայագիր տալու համար:

Ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգի դիմումի հիման վրա դատարանը կարող է նրան ճանաչել ժառանգությունն ընդունած` հարգելի համարելով ժամկետը բաց թողնելու պատճառները, եթե պարզվի, որ ժամկետը բաց թողնելու պատճառ է դարձել այն հանգամանքը, որ ժառանգը չգիտեր և պարտավոր չէր իմանալ ժառանգության բացման մասին ու պայմանով, որ ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգն այդ ժամկետը բաց թողնելու պատճառները վերացվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, դիմել է դատարան:

Դատարանը, ժառանգին ճանաչելով ժառանգությունն ընդունած, լուծում է դրանից բխող ժառանգական գույքի նկատմամբ մյուս ժառանգների իրավունքներին վերաբերող հարցերը, ինչպես նաև անվավեր է ճանաչում նախկինում տրված ժառանգության իրավունքի վկայագիրը: Այս դեպքում չի պահանջվում տալ ժառանգության իրավունքի նոր վկայագիր: Իրավաբան.net 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://iravaban.net/113126.html 
© iravaban.net կայք

Այս նյութը դիտել են - 1590 անգամ