Դեսպանը նաև շանտաժիստ է....
2016-01-09 17:52:00

Հայաստանում Լեհաստանի դեսպան Եժի Նովակովսկին այնքան էլ հաճախ չի խոսում: Խոսում է միայն հատուկ դեպքերի համար կամ, կարելի է ասել, հատուկ առաքելությամբ: Ու հիմա, երբ նա ի վերջո որոշել է լսելի դարձնել իր ձայնը, հայտարարել է. «ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը խանգարում է հայ-լեհական տնտեսական համագործակցությանը, խոչընդոտում ներդրումներին»: Մի խոսքով, քանի դեռ հայերը հյուսիս են նայում, թող չակնկալեն եվրոպացիների աջակցությունը, քանի որ այդ տնտեսական (բայց առաջին հերթին՝ քաղաքական) կողմնորոշումը անհնար է դարձնում Արևմուտքի որևէ բարի գործ:

 Եժի Նովակովսկու ուլտիմատումը դիվանագիտական շանտաժի փայլուն օրինակ է: Լեհ դիվանագետը հազիվ թե այնքան միամիտ մարդ է, որ կարծի, թե Հայաստանը հենց հիմա կվերցնի ու կհրաժարվի ԵՏՄ-ից հանուն Լեհաստանի բարեհաճության: Ու քանի որ բոլորովին էլ միամիտ չէ, ապա փաստացի հանդես է գալիս ողջ եվրոպական ընտանիքի անունից:

Հիմա դառնանք ԵՄ-ին: Ընդամենը մեկ տարի առաջ այս կառույցի պաշտոնյաները հավաստիացնում էին, թե ԵՄ-ն և ԵՏՄ-ն ամենևին էլ հակամարտող բևեռներ չեն, նրանց միջև որևէ թշնամություն լինել չի կարող և ավելին ԵՏՄ-ն ընդամենը տնտեսական կառույց է, որի հետ ԵՄ-ն կարող է համագործակցել: Այնպես որ հայերը թող այնքան էլ վատ չզգան, ոչ մի վատ բան չի պատահել: Իսկ հիմա հանկարծ պարզվում է, որ մեկ տարի ասածն արդեն ուժի մեջ չէ:

Ի՞նչ փոխվեց: Փոխվեց իրավիճակը: Մեր տարածաշրջանում իրադարձությունների նոր զարգացումներն իրենց հետ բերեցին նոր մոտեցումներ: Եվ երեկ բարի ու մեծահոգի Նովակովսկին այսօր դարձավ հաշվենկատ ու կատեգորիկ: Փաստացի նա ընդամենը մի երկրի դեսպան չէ: Նա մի ամբողջ աշխարհամասի քաղաքական դիմանկարի արտացոլանքն է:

 

Shame.am

 

Այս նյութը դիտել են - 1510 անգամ