Շնորհավորական ուղերձ Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի 20-ամյակի առթիվ
2016-11-10 09:51:00

Հարգելի համայնքապետեր,
Ավագանու անդամներ,
Տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ,
 Շնորհավորում եմ Հայաստանում Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա կապակցությամբ։
 Քսան տարի առաջ, 1996 թվականի նոյեմբերի 10-ին, մեր երկրում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրությունները։
 Մենք միասին անցել ենք դժվարին, բաց նպատակասլաց 20-ամյա ճանապարհ։ Եվ հպարտանալու մեծ հիմք ու առիթ ունենք։ Առաջին հերթին այն պատմական իրողությամբ, որ հայ ազգի պատմության ամբողջ ծիրում համայնքային կացութաձևը ազգապահպան իր դերից բացի դարձավ մեր նորանկախ երկրի պետականության հիմնասյուներից մեկը։
 Տեղական ինքնակառավարման 20 ամյա պատմությամբ հպարտանալու առանձքում իհարկե մարդիկ են՝ համայնքների նախկին և գործող ղեկավարները, ավագանու անդամները, համայնքային ծառայողները, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները։ Անգնահատելի է ձեր նվիրումը և սերն առ ձեր համայնքներ ու ձեր բնակավայրեր։
 20-ամյա այս հանգրվանին նաև պիտի փաստենք, որ Հայաստանում տեղական ինքնակառավարման հիմնական մարտահրավերը մնում է ապակենտրոնացման հարցը։ Մեր համայնքներն ապացուցել են, որ ունեն բավարար կարողություններ, պատասխանատվություն և ձգտում նոր լիազորություններ ստանձնելու և մարդկանց կյանքի որակը բարելավելու համար։
 Դեպի ապագա հայացք ուղելով՝ մենք ակնկալում ենք, որ Հայաստանի կենտրոնական իշխանություններն առաջիկայում էական քայլեր կանեն նոր լիազորություններ ու ռեսուրներ փոխանցելով տեղական իշխանություններին՝ որպես կայուն զարգացման և տեղական ժողովրդավարության ամրապնդման էական գրավական։
 Էմին Երիցյան
Հայաստանի համայնքների միության նախագահ

Այս նյութը դիտել են - 5169 անգամ