Վարչապետը՝ նախարարներին. Ձեր կայքերը ռեվիզիա արեք, օգնականներս չեն կարող աշխատել
2016-11-03 02:06:00

Կառավարության գերատեսչությունները պետք է հետեւեն իրենց կայքերին ու թեժ գծերին: Այդ մասին նոյեմբերի 3-ի կառավարության նիստին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ դիմելով նախարարներին:

«Ձեր կայքերն ու թեժ գծերը ռեվիզիա արեք: Նշեք ձեր գործառույթները ու դրանց կոնկրետ պատասխանատուներին: Որովհետեւ իմ օգնականները, բացի զանգերին պատասխանելուց ու հանդիպելուց, ուրիշ գործ չեն կարող անել: Ռեժիմից դուրս են եկել. ոչ կարող եմ նրանց առաջադրանք տալ, ոչ հանձնարարություն», - ասաց վարչապետը:

Վերջին շրջանում վարչապետի օգնականները ստացել են 2 156 հեռախոսազանգ, 586 էլեկտրոնային հաղորդագրություն, հարյուրից ավելի հանդիպում անցկացրել:

Բայց անգամ եթե ոլորտային խնդիրները ստիպված են լսել վարչապետի օգնականները, նրանք, միեւնույն է, այդ խնդիրները հետո փոխանցում են ըստ գերատեսչությունների:

«Եթե ձեր դաշտում ձեր բեռը չվերցնեք, ամբողջը կտեղափոխվի այստեղ, բայց մեկ է՝ այդ հարցերը գալու են ձեզ», - եզրափակեց վարչապետը։

news.am

Այս նյութը դիտել են - 7387 անգամ