Կարեն Կարապետյանի առաջին բախումը խորհրդարանում
2016-11-01 03:38:00
Խորհրդարանի ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Մկրտչյանը 2017 թվականի բյուջեի նախագծի քննարկմանը դժգոհել է, որ կառավարությունն ԱԺ ֆինանսավորումը նվազեցնում է 54 միլիոն դրամով, իսկ կառավարության ֆինանսավորման նվազեցում նախատեսված չէ:Նա Հայաստանի ֆինանսների փոխնախարարից պահանջել է վերականգնել ԱԺ 54 միլիոն դրամը:
Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը թվի նվազեցումը պայմանավորել է նրանով, որ 2017 թվականին ԱԺ ընտրություն է, եւ պատգամավորների ներկայիս 131 թիվը կարող է նվազել եւ կազմել 101, ինչը կնշանակի, որ նաեւ կլինի քիչ ծախսի կարիք:
Եթե պատգամավորների թիվն ավելին լինի, ապա կքննարկվի լրացուցիչ հատկացման հարցը, նշել է Ջանջուղազյանը:
Կարեն Կարապետյանը փաստացի առաջին բախումն է ունենում ՀՀԿ խորհրդարանական մեծամասնության հետ: Եվ զարմանալի չէ, որ պատճառը փողն է: Դա խորհրդանշական է իրավիճակ է, քանի որ բացի կոնկրետ իրավիճակի եւ խնդրի ուշագրավությունից, կա նաեւ ավելի լայն ներհամակարգային կոնտեքստ:
Բանն այն է, որ Կարեն Կարապետյանի կառավարության համար անհնար է լինելու ապահովել տնտեսական զարգացում եւ համակարգային վերափոխում, եթե չսահմանափակվի իշխող համակարգի մեծամասնության փող աշխատելու հնարավորությունը: Այդ փողը այդ մեծամասնությունն աշխատում է Հայաստանի տնտեսության ներուժի, այդ ներուժն իշխանության լծակներով սահմանափակելու հաշվին:
Եվ այդպիսով, որպեսզի Հայաստանում հասարակությունը կարողանա փող աշխատել եւ զարգացնել տնտեսությունը, արդիականացնել այն, կառավարությունն այլ ելք չունի, քան սահմանափակել իշխող մեծամասնության մի շարք ներկայացուցիչների անաշխատ փողի հնարավորությունը:
Եվ այդ իմաստով, խորհրդարանում տեղի ունեցած փոքր` «բյուջետային» բախումը ունի «արտաբյուջետային» շատ ավելի լայն բնույթ, եւ դա լինելու է Կարեն Կարապետյանի կառավարության հիմնարար խնդիրներից մեկը: Կարապետյանը դրա մասին շատ չի խոսել, միանգամայն հասկանալի պատճառով: Խոսել դրա մասին՝ նշանակելու է պատերազմ հայտարարել Հայաստանի օլիգարխիկ համակարգին: Իսկ Կարապետյանը չի կարող դա անել մի շարք տնտեսական, քաղաքական, մարդկային-անձնական գործոններից ելնելով:
Բայց, միաժամանակ, այդ պատերազմին չգնալը նշանակելու է հասարակությանն ու պետությանը իշխող համակարգի հայտարարած պատերազմի շարունակություն, որի հետեւանքով է ձեւավորվել այն չափազանց ծանր տնտեսական վիճակը, որ խորհրդարանի ամբիոնից իր առաջին ելույթում խոստովանել է Կարեն Կարապետյանը:
lragir.am
Այս նյութը դիտել են - 2465 անգամ