Որտեղ 6-ը, այնտեղ` 7-ը
2016-10-31 13:05:00
Եթե երբևէ առիթ ներկայանա Գագիկ Ծառուկյանին հիշեցնելու՝ իր տված օգու՞տն էր շատ, թե՞ վնասը Հայաստանի ներքաղաքական կյանքում, ամենահարմարը կլինի սկսել հենց նրա ստեղծած ԲՀԿ կազմից, որի անդամները ցիրուցան եղան, կտոր-կտոր բաժանվեցին առաջին իսկ վտանգի դեպքում ու հիմա տաքուկ անկյուններ են որոնում այս կամ այն անվան տակ: Այս «համերաշխության» կնքահայրն էր Ծառուկյանը, իսկ նրա «վստահելի» զավակներից մեկն էլ «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից հեռացած Վահան Բաբայանն է, ով այսօր հանգիստ խղճով հայտարարում է, թե ԲՀԿ-ից գնաց, քանի որ չէր ընդունում նրա հայացքները:
Ի դեպ, Վահան Բաբայանը այն եզակի մարդկանցից է, ով ընդհանրապես իրավունք չունի խոսելու հայացքների մասին: Տակավին երիտասարդ, նա արդեն 6 կուսակցություն է փոխել ու հիմա էլ շտապում է 7-րդում ընդգրկվել՝ դրանով հանդերձ պնդելով, թե սա է ազնիվ ու պարկեշտ քաղաքական գործչի նկարագիրը: «Կարծում եմ՝ ավելի ճիշտ ու ավելի արդյունավետ կարող է լինել ՀՀԿ-ի հետ համագործակցությունը: Ես և իմ թիմը կիսում ենք հանրապետության նախագահի ծրագրերը և այն ծրագրերը, որոնք միտված են ՀՀ բարեփոխմանը»,- հիմա ասում է Բաբայանը, բայց չի մեկնաբանում, թե այդ դեպքում ինչ իմաստ կար նոր կուսակցություն հիմնելու, եթե կարող էր պարզապես անդամակցել ՀՀԿ-ին ու ազատվել բոլոր հավելյալ հոգսերից: Փոխարենը նա առանց վատ զգալու ասում է, որ այսօր այլ կուսակցությունների հետ համագործակցության հնարավորություն չի տեսնում, քանի որ «միայն ՀՀԿ-ն քաղաքական ծանրակշռության տեսանկյունից այդ լրջությունն ունի»:
Ծանրակշիռ բառը Վահան Բաբայանին հայտնի բոլոր բառարաններում չունի այն իմաստը, ինչ մյուսներն են հասկանում: Նրա համար ծանրակշիռ՝ նշանակում է իշխանություն, որովհետև միայն իշխանություն ունեցողը կարող է լինել ծանրակշիռ: Եվ քանի որ Բաբայանը խորապես համոզված է, որ իր պորտը կտրել են հենց իշխանական տիրույթներում, հիմա քաղաքականություն բառն էլ է մտցրել միայն իրեն հայտնի բառարանի մեջ և դա ձևակերպում է հետևյալ կերպ. «Քաղաքականությունը մի ոլորտ է, որտեղ մարդիկ ձգտում են իշխանության, և դրա մեջ վատ բան չկա: Առանց իշխանության մաս կազմելու որևէ հարց լուծելու հնարավորություն չկա»:
Տեսնես այդ ի՞նչ հարցեր է ուզում լուծել Բաբայան Վահանը: Նախորդ 6 կուսակցություններում նրա լուծած հարցերի մասին ոչ մի տեղեկություն չկա: 7-րդն ինչո՞ւ պիտի բացառություն լինի:
shame.am
Այս նյութը դիտել են - 7734 անգամ