Աչքաչափով կառավարությունը
2016-10-29 20:25:00
Նոր կառավարության գլխավոր խնդիրներից մեկը դատարկված բյուջեն ամեն գնով լիցքավորելու խնդիրն է, թեև ամեն գնով ասվածը ենթադրում է օրինականություն ու ստվերի բացահայտում:

Իսկ այդ նպատակի համար նախ պետք է մի լավ թափ տալ խոշոր բիզնեսը, քանի որ բոլորն էլ հրաշալի հասկանում են, թե որտեղ են կորչում միլիոնները և ինչպես է պատահում, որ ծայրահեղ աղքատ երկրում այդքան շատ մեծահարուստներ կան:

Օրինակ, պատգամավոր և գործարար Սամվել Ալեքսանյանը դրանցից մեկն է, ով տևական ժամանակ է, որ հարկային մուծումներ է կատարում՝ ամսական 120-125 մլն դրամի չափով: Սակայն պարզից էլ պարզ է, որ սա իրականի ընդամենը մի չնչին հատվածն է: Այնքան չնչին, որ նույնիսկ Ալեքսանյանին շատ չնեղացնելու դեպքում էլ նրանից 500 միլիոն գանձելը դեռ ամբողջը չի համարվի: Բայց կա համարձակության խնդիր, իսկ դա ոչ միշտ է բավարարում:

Այսպես, երբ ՊԵԿ նախագահի պաշտոնում նշանակվեց Հովհաննես Հովսեփյանը, նրա համարձակությունը բավականացրեց Ալեքսանյանի մուծումների նշաձողը բարձրացնել մինչև 200-250 մլն դրամ: Իսկ հիմա, ըստ տեղեկությունների, ՊԵԿ նոր նախագահ Վարդան Հարությունյանը, ով վարչապետ Կարեն Կարապետյանի թիմի անմիջական անդամ է, Սամվել Ալեքսանյանից ամսական մինչև 450 մլն դրամ հարկ է պահանջել: Տևական բանակցությունների արդյունքում պատգամավորին հաջողվել է համաձայնության գալ 320-350 մլն դրամի շուրջ՝ պայմանով, որ մյուս խոշոր գործարարները նույնպես սկսելու են շատ վճարել:

Թվում է՝ վարչապետն իրավունք ունի հպարտանալու, որ կարողացել է գերազանցել հին ցուցանիշները: Մինչդեռ սա պարզապես խայտառակություն է և ուրիշ ոչինչ: Բիզնեսից հարկումը պիտի կատարվի՝ համաձայն բիզնես շրջանառության և եկամուտների ծավալի, այլ ոչ թե համոզելով ու աչքաչափով: Եվ քանի դեռ բյուջեն պիտի համալրվի այս մեթոդների կիրառմամբ, ոչ երկիրը երկիր կդառնա, ոչ էլ կառավարությունը հարգանք կվայելի:
shame.am
Այս նյութը դիտել են - 5459 անգամ