Պարզաբանում
2016-10-21 08:53:00

«Առաջին լրատվական»-ը «տեղեկություն» է տարածել լրատվամիջոցի մուտքի մոտ տեղի ունեցած «միջադեպի» վերաբերյալ: 

Ընդ որում, «միջադեպին» ականատես լինելով հանդերձ՝ չեն փորձել կանխել այն կամ անհապաղ ահազանգել իրավապահներին:
Այս տարօրինակ որոշումը թողնելով լրատվամիջոցի իրավագիտակցությանը՝ ընդամենը վերահաստատենք, որ Վլադիմիր Գասպարյանը այդօրինակ հովանավորությամբ չի զբաղվում և օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում ու իր ղեկավարած կառույցի գործառույթներով բացառապես «հովանավորում է» օրինականության, օրինահարգության, քաղաքացիների իրավունքների և անվտանգության ապահովումը:
Ինչևէ. ոստիկանությանն ու ոստիկաններին շահարկման նյութ դարձնելու և ապատեղեկատվություն տարածելու՝ «Առաջին լրատվականի» հետևողականությունն ապշեցուցիչ է ու հարցերի տեղիք է տալիս: 
Օրերս էլ «հայտնագործություն» էին արել, թե ոստիկանության որոշ ծառայողներ հայտնվել են ԱՄՆ մուտքի վիզաների «սև ցուցակում»:
ԱՄՆ դեսպանությունից մեզ պաշտոնապես հայտնեցին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը չունի այն մարդկանց «սև ցուցակը», ում կմերժեն մուտքի արտոնագրի տրամադրումը: Բոլոր վիզաների ձևաթղթերը ստուգվում են անհատապես՝ համապատասխան ԱՄՆ օրենքի պահանջների:
Ստացվում է, որ «Առաջին լրատվական»-ը շահարկման նյութ է դարձնում ոչ միայն Հայաստանի ոստիկանության, այլև Միացյալ Նահանգների կառավարության գործունեությունը: 
Իսկ թե ինչու է այդպես վարվում լրատվամիջոցը, թողնում ենք հանրության դիտարկմանն ու գնահատմանը:

ՀՀ ոստիկանություն

Այս նյութը դիտել են - 1182 անգամ