Տիգրան Ասատրյանն ու Հարութ Փամբուկչյանը «պայթեցրին» DOLBY համերգասրահը...
2016-10-18 23:11:00
Հոկտեմբերի 16-ին, Լոս Անջելեսի աշխարհահռչակ DOLBY շքեղ համերգասրահում տեղի ունեցավ Արամ Ասատրյանի որդու՝ Տիգրան Ասատրյանի սպասված մենահամերգը:  Համերգի բացումը վստահված էր սիրված հաղորդավար Արտավազդ Ամիրյանին, ով իր գրագետ ու գեղեցիկ բացման խոսքում նշեց . «.... կյանքում և մշակույթի մեջ փոխարինելու են գալիս նորերը՝ նրանց ժառանգները, նրանց հետնորդները, և անկեղծ ու ջերմ գնահատանքի են արժանի նրանք, ովքեր հինը պահպանելով՝ ավելացնում են իրենցը՝ իրենց ձեռագիրը, իրենց ոճը:Տարիները անցնելով, փոխվում է ամեն բան, անփոփոխող է մնում միայն թողած անունը, գործը, ներդրումը: 
Մեր իրականության մեջ եղել են և այսօր էլ կան այդպիսինները: Մենք գիտենք այդ մարդկանց, յուրաքանչյուրը կարևորում է նրանց, և նրանց կողմից ներարկած ուժը մեզ տալիս է արարելու, ապրելու և ստեղծագործելու շարժառիթ:
Ուրեմն, եկե՛ք դառնանք արժանի հետնորդները, շարունակողները, ավելացնողներն ու գնահատողներն, և կարողանանք արվեստագետին տալ նրա համար ամենամեծ ջերմությունը՝ ծափահարությունը: Այսօրվա երեկոյի մասին երկար է խոսվել և վստահ ենք, որ վաղվանից ևս խոսվելու, քննարկվելու և արժանանալու է անկեղծ գնահատանքին մեր հանդիսատեսի կողմից, այն մարդկանց կողմից, ովքեր կարողանում են գնահատել տարիների կատարած աշխատանքը՝ տեսնել, զգալ ու փորձել մեկ խոսքով, մեկ նախադասությամբ ոգևորել ու ոգեշնչել արվեստագետին, այս դեպքում՝ Տիգրան Ասատրյան երգչին, ով շարունակում է իր հոր՝ Արամ Ասատրյան լեգենդի գործն ու գործնեությունը»:
Բացման խոսքից հետո բուռն ծափողջույններով համերգասրահում նստածները դիմավորեցին օրվա հերոսին՝ Տիգրան Ասատրյանին, մի երգչի, ով տարիներ շարունակ իր երգերով ջերմացրել ու ջերմացնելու է հանրությանը:

Մի քանի հրաշալի կատարումներից հետո Տիգրան Ասատրյանը բեմահարթակից շնորհակալություն հայտնեց լեփ-լեցուն դահլիճում ներկա գտնվողներին և ասաց « .... իմ և ձեր շատ սիրած Արամ Ասատրյանը ցանկանում էր ինձ տեսնել բեմահարթակում: Այսօր, նրա ցանկությունն և իմ երազանքը ի կատար ածեցիք հենց դո՛ւք, ձեր ներկայությամբ: Ես ինձ համարում եմ երջանիկ մարդ աշխարհում, քանի որ , այսօր, կատարում եմ իմ ծնողի ցանկությունը:Ես հիմա գիտեմ, զգում եմ, որ Կապույտ Երկնքում, Հայր իմ, դու նայում ես ինձ և ուրախանում: Այս պահին ուզում եմ քեզ ասել մի պահած գաղտնիք, որ քո կիսատ գործը մենք կանենք Հայրիկ, Դու լուռ ժպտում ես մեզ՝ Երկնքից անվերջ, Աղոթում անձայն՝ Հրեշտակների պես: Ես ուզում եմ բարձր ծափահարենք և այս ծափերը ուղարկենք Երկինք՝ Արամ Ասատրյանին»: Այս խոսքերը ասելուց անմիջապես հետո եղավ օրվա անակնկալը: Տիգրան Ասատրյանը կատարեց «Սուրբ Սարգիս ես կգնամ, երկու հատ մոմ կվառեմ» սիրված երգը, իսկ երգի վերջին հատվածում մեծ էկրանին երևաց լեգենդը՝ Արամ Ասատրյանի բարի դեմքն, և լսվեց այդ երգի նրա կատարումը: Պահը հուզիչ էր: Երգի կատարման ժամանակ հանդիսատեսը հոտընկայս ծափահարեց՝ ի նշան հարգանքի և հիշատակի մեծն երգչին, ով տարիների մեջ հասցրեց լինել սիրված ու իր երգերով ջերմացրեց հազարավոր մարդականց՝ թե՛ Մայր հայրենիքում և թե՛ Սփյուռքում: 
Սովորաբար ասում են, որ պտուղը ծառից հեռու չի ընկնում, և այս դեպքում էլ Արամ Ասատրյանի երաժշտական ընտանիքի պտուղները, իրոք, հեռու չընկան, որովհետև Ասատրյանական գենը այնքան ուժեղ է, որ կոչված է երգելու ձեռագիրը պահպանելու, շարունակելու, նոր սերնդի մոտ այդ անունը բարձր պահելու համար: Բեմահարթակից նաև իրենց հրաշալի կատարումով հանդես եկան Արամ և Արման Ասատրյան թոռները, որոնք նույնպես ապացուցեցին, որ շարունակում են իրենց սիրելի պապիկի՝ Արամ Ասատրյանի կիսատ թողած գործը: Արամ և Արման Ասատրյան թոռները, իրենց հրաշալի կատարումով արժանացան դահլիճի բուռն ծափահարություններին: Ամբողջ դահլիճը պարում էր նրանց կատարման ժամանակ: Այդ պահը, իրոք, եկավ փաստելու, որ Արամ Ասատրյան լեգենդի գործը շարունակում են ոչ միայն որդիները, նաև՝ թոռները:
Նշենք, որ հեռուստատեսային գովազդներում հաղորդավոր Գրիշա Սանդալյանը նշում էր, որ համերգի ժամանակ լինելու են անակնկալներ, սիրված երգեր, ինչպես նաև նոր երգի պրեմիերա և ամբողջ համերգը վերածվելու է Ասատրյանական տոնի: Ու այդպե՛ս էլ եղավ: 
Համերգի ընթացքում Տիգրան Ասատրյանը կատարեց իտալական դասական հրաշալի մի ստեղծագործություն սիրո մասին, որը կատարվում էր առաջին անգամ, ջութակահար Սիրանույշ Հովեյանի նվագակցությամբ: Ուղղակի հրաշալի կատարում էր և հենց այդ երգի կատարման ժամանակ հասկացանք, որ վոկալի առումով հանրաճանաչ երգչուհի Էլլադա Չախոյանի ձեռագիրն էր , ում մոտ Տիգրան Ասատրյանը վոկալ է պարապում:

Նկատելի էր, որ համերգը հրաշալի անցկացնելու համար, արվել էր ամեն հնարավոր բան: Բեմահարթակում էին Լոս Անջելեսի, ինչպես նաև Հայաստանից ժամանաց արհեստավարժ երաժիշտները: Բեկ վոկալով հանդես եկան Իդա Աղախանյանի ստուդիայի հրաշալի ձայնային տվյալներով սաները: Բեմի լուսային ձևավորումը իր գունային էֆեկտներով ուղղակի շլացանում էր ամբողջ դահլիճը: Զգացվում էր, որ շատ մեծ աշխատանք էր կատարվել, ու այդ ամենը  ապահովել էր GB Lighting Design, Inc ընկերությունը՝  հանձինս Գիլբերթ Բաղրամյանի: 

Տիգրան Ասատրյանին օրվա առիթով եղբայրաբար «թև ու թիկունք» կանգնելու համար Հայաստանից Լոս Անջելես էին ժամանել Արտաշ Ասատրյանն ու Հովհաննես Ասատրյանը:Ի նշան Տիգրան Ասատրյանի հարգանքին, համերգին իրենց երգով հանդես եկան սիրված երգիչ Անդին, մեծ ճանաչում ունեցող Սելվիան Միլլերը և կենդանի լեգենդ Հարութ Փամբուկչյանը: Երաժշտական համարների ընթացքում բեմում պարում էին «M»-պարային ստուդիայի, «Brooke» պարային խմբի և «Հայաստան» մշակույթի կենտրոնի սաները:  Իսկ համերգի վերջում ամենամեծ հրաշքը կատարվեց:  Բեմահարթակ մտան «Հայաստան» մշակույթի կենտրոնի սաները,  ծածանեցին հայկական դրոշները, և բեմահարթակ  մտավ  կենդանի լեգենդ Հարութ Փամբուկչյանը, ով Տիգրան Ասատրյանի հետ կատարեց   «Անկախ Հայաստան» երգը: Այնքան մեծ էր դահլիճի ոգևորությունը, որ կատարման ընթացքում  երգիչները թողեցին բեմը և «միաձուլվեցին» հանդիսատեսին , ովքեր պարում էին այդ երգի ներքո:    Երգիչների այդ հրաշալի կատարումը  ուղղակի «պայթեցրեց» DOLBY աշխարհահռչակ համերգասրահի դահլիճը :  Նշենք, որ «Անկախ Հայաստան» երգը նաև նվիրված էր ՀՀ Անկախության 25 -ամյակին: Տիգրան Ասատրյանը շնորհավորեց ներկաներին այդ կապակցությամբ , և շնորհակալություն հայտնեց ՀՀ սահմանին կանգնած մեր քաջարի զինվորներին, նրանց Մայրերին, որ այդպիսի հերոս զավակներ ունեն, և ցանկացավ նրանց անփորձանք զինվորական ծառայություն և բարի վերադարձ տուն:

Որպես վերջաբան սպասված այդ երեկոյի, այդ երգի կատարումը այնպիսի իրավիճակ ստեղծեց դահլիճում, որ բոլորը ձեռք-ձեռքի տված սկսեցին պարել, և յուրաքանչյուրը հենց այդ պահից հուզմունք ապրեց, որ ապրելով Սփյուռքում ոչ միայն հայեցի խոսքով, այլ նաև երգի միջոցով Հայը կարող է պահել Հայ լինելու իր տեսակը: 
Երեկոն Տիգրան Ասատրյանինն էր, բայց նա հուզմունքի հետ միասին չանտեսեց իր արվեստագետ ընկերներին և նրբանկատորեն շնորհակալություն հայտնեց նրանց իր համերգին նախապատրաստվելու ժամանակ օգնելու համար, և հատուկ շնորհակալություն հայտնեց երաժիշտ Լևոն Աբրահամյանին, ով միշտ եղել է հայ երգի գուսան, լեգենդար Արամ Ասատրյանի կողքին, իսկ այսօր, նա շարունակում է եղբայրաբար և հայրաբար լինել Ասատրյան երաժշտական ընտանիքի կողքին:
Համերգն ավարտվեց, հանդիսատեսը գոհ էր համերգից, այն առումով, որ ժպիտով դուրս գալուց հետո մեկը մյուսին ասում էր՝ ««Լավ համերգ էր...»
Հ.Գ. Ուզում եմ ուշադրություն հրավիրել ՀՀ Սփյուռքի և Մշակույթի նախարարությանը` ամեն անարժանին, մեդալ ու պատվոգիր արժանացնելու փոխարեն, իրենց կիզակետում պահեն սփյուռքի նմանատիպ ձեռնարկներին և իրենց ուշադրությունն ու գնահատանքը փոխանցեն արվեստագետին, ով պահպանում է հայ երգը օտար ափերում:
Հուսանք, մի փոքր ուշացումով, բայց միաժամանակ համոզված, որ վերոհիշյալ նախարարությունները «կշտկեն» իրենց «անտարբերությունը» Սփյուռքում ապրող և ստեղծագործող արվեստագետների նկատմամբ: Ի դեպ, Տիգրան Ասատրյանը նման մենահամերգով վաղուց կարող էր հանդես գալ, բայց նա տարիների մեջ կատարելագործվեց և իր անզուգական ձայնով հանդես եկավ աշխարհահռչակ համերգասրահում՝ կատարելով իր ծնողների ցանկությունն ու իր երազանքը, և այդ օրը արժանացավ 3332 մասնակիցների ծափողջույններին և ջերմությանն, որն արժեր հազարավոր մեդալներ և պատվոգրեր:
Գայանե Մանուկյան
Լուսանկարները՝ Royal Gor Studio Inc, Gor Gevorkyan-ի
Այս նյութը դիտել են - 6999 անգամ