ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ` ՈՐՊԵՍ ՄԱՐԴՈՒ ՀՈԳԻՆ ԱԶՆՎԱՑՆՈՂ ՏՈՆ...
2016-01-05 01:40:00

 

Մենք կանգնած ենք Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան մեծ խորհրդի առջև: Այն չքնաղ մի խորհուրդ է, որ մեզ սովորեցնում է բարություն, ազնվություն, մեծագույն մարդասիրություն, որի կարիքն ունի ամբողջ աշխարհը: Սուրբ ծննդյան ոգեկոչումը խաղաղության և մարդկային լավագույն հարաբերությունների արտահայտություն է, քանի որ Քրիստոսի սուրբ ծնունդով մարդիկ կոչված են համերաշխ ապրելու իբրև հարազատ եղբայրներ՝ իբրև երկնավոր հոր որդիներ: Սուրբ ծննդյան ամեն մի ավետիս հոգեկան վերածնունդ է յուրաքանչյուր քրիստոնյայի համար, նրա ամեն մի ավետիս հզոր վահան է և հաղթության զենք չարիքի ու մեղքի դեմ: Հայերս մեր ողջ պատմության ընթացքում հավատացել ենք Հիսուսի պատգամներով աշխարհը վերափոխելու, մարդու հոգին ազնվացնելու գաղափարներին ու այդպես էլ շարունակենք հավատալ գալիք լավ օրերի` մեր բոլորիս երազանքների իրականացմանը: Մարդկային հոգին չի կարող միայն բավարարվել նյութականով, նյութականից վեր հոգևոր սնունդ էր պահանջվում, մարդկությունը երազում էր արդարություն և խաղաղություն բերող Փրկչի գալստյանը: Եվ ՆԱ եկավ, եկավ որպես հոգևոր սնունդ, եկավ մեզ հոգու անդորրություն բերելու, եկավ, որ իր հույսով ու հավատով ապրենք: Ժամանակի հավերժության մեջ տարիներ, դարեր, հազարամյակներ են անցնում, մարդկային պատմության փոքր ու մեծ իրադարձությունները հաջորդում են միմյանց, և այդ ամենի վրա, որպես սիրո, արդարության և խաղաղության հավերժական ճառագայթում, տիրաբար շողում է Քրիստոսի Սուրբ ծննդյան լույսը` հոգևոր իմաստ ու բարոյական նպատակ հաղորդելով մարդու կյանքին: Որպես սքանչելիք և լավագույն խորհուրդ` շնորհավորում եմ բոլորիս գալիք Սուրբ ծնունդը, եկեք՛ սովորենք ապրել հոգու անունդով, որ կարողանանք ապրել մեզ հասանելիք ազնվագույն կյանքը:

Նատաշա Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս նյութը դիտել են - 1621 անգամ