«Քանի որ ես դատապարտված եմ եւ գտնվում եմ վերահսկողության տակ, առավոտյան ինձ զանգեցին այլընտրանքային պատիժների կրման վայրից եւ ասացին, որ ներկայանամ: Ես գնացի այնտեղ: Այդ ընթացքում 3 ոստիկաններ էին գնացել մեր տուն, հարեւաններին հարց ու փորձ արել, ինձ փնտրել: Երբ ես մի քանի ժամ այլընտրանքային պատիժների կրման վայրում մնալուց հետո դուրս եկա այնտեղից, ինձ մոտեցան 3 ոստիկաններ ու ասացին, որ պետք է բերման ենթարկեն: Ինձ վերահսկող անձը թույլ չտվեց բերման ենթարկել: Ոստիկաններն ինձ տարան տուն»,- պատմեց Շահենը:
Այնուհետեւ ակտիվիստը որոշել է գնալ խանութ՝ հաց գնելու: Խանութից դուրս է եկել ու հանդիպել նույն ոստիկաններին, որոնք կեսօրին փորձել են իրեն բերման ենթարկել.
«Էնքան սովորական ասեցին՝ գնացինք, ոնց որ տաքսի լիներ խանութի մոտ սպասելիս: Ասացի՝ ո՞ւր ենք գնում, ասացին՝ ոստիկանության Մասիվի բաժին»,- շարունակեց Շահենը:
Վերջինս ընդգծեց, որ ոստիկանության աշխատակիցները չեն էլ թաքցրել, որ իրեն բերման ենթարկելը կապ ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի հետ: «Կատակում էին, ասում էին չգիտե՞ս ինչի համար ենք բերել, իմանանք գնացել է՝ բաց թողնենք»,- պատմեց ակտիվիստը:
Հիշեցնենք, որ երեկ, Պուտինի այցին ընդառաջ Շահենն իր ընկերների հետ ակցիա էր իրականացրել. ՀԱՊԿ-ի եւ Եվրազեսի ակադեմիայի տանիքին նա ամրացրել էր «Պուտին, հեռացիր Հայաստանից» գրությամբ պաստառ:
Շահենը վստահեցրեց, որ այսօր որեւէ ակցիա չէին նախատեսել իրականացնել՝ լավ հասկանալով, որ ամբողջ քաղաքը վերահսկողության տակ է լինելու:
«Մեր նպատակն, իհարկե, այդ պաստառը ամրացնելը չէ: Դա մեր այդ պահի անելիքն էր: Մեր գերնպատակը ազատ, անկախ եւ ինքիշխան Հայաստան ունենալն է: Իսկ քանի դեռ այդ Հայաստանը չունենք՝ այս բերման ենթարկումները, այս ամենը ես նորմալ եմ համարում: Մայրս վրդովվել էր՝ բա ո՞նց կլինի, տղաս գնա հաց գնելու՝ բռնեն, անիմաստ տեղը տանեն եւ այլն: Ես ասում եմ՝ մամ ջան, բա էս իրականության դեմ ենք մենք կռիվ տալիս: Եթե նորմալ երկիր լիներ ու այսպիսի բան անեին՝ կասեինք էս ի՞նչ աբսուրդ բաներ են անում: Բայց մենք այս ամենի պատճառով ենք իրենց դեմ դուրս գալիս: Սրա համար ենք ասում՝ հանցագործներ, որ մարդկանց ապօրինի բռնում են, տանում, ծեծում եւ այլն: Այնպես որ ես իրենց դեմ պայքարը շարունակում եմ: Ես չէի ուզենա, որ ժողովուրդն այսպես անտարբեր, վախեցած մնար: Ինձ այսպես վերահսկում են, որովհետեւ միայն ես եմ մնացել իրենց դեմ պայքարող: Եթե շատ լինեին այսպիսի ակցիաներ անողները՝ ո՞նց էին վերահսկելու»,- եզրափակում է 17-ամյա ակտիվիստը: