ՀՅԴ մոռացության է մատնել, որ Հայաստանը արդեն 25 տարի անկախ է և 1992 թվականից ունի բանակ
2016-10-14 11:47:00

ՀՅԴ գերագույն մարմինը երեկ տարածել է հայտարարություն, որտեղ ասվում է.«2016թ. ապրիլի 2-ից սկսված լայնածավալ մարտական գործողություններին հանպատրաստիցկամավորականների մասնակցությունը վեր հանեց կազմակերպչական և պատրաստվածության մի շարք հարցեր, որոնք անհրաժեշտ է իրականացնել այս սպառնալից ժամանակաշրջանում, այդ իսկ պատճառով ՀՀ ՊՆ-ի հետ համաձայնեցված, ՀՅԴ Գերագույն Մարմինը որոշում է կայացրել. կազմավորել կամավորականների պահեստային գումարտակ, որի կիրառումը նախատեսվում է միայն լայնածավալ մարտական գործողությունների վերսկսման դեպքում:

Գումարտակին կարող են անդամագրվել 20-ից մինչև 45 տարեկան, անկախ ծառայության տևողությունից պարտադիր զինվորական ծառայություն անցած, բացառությամբ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հետևանքով վաղաժամկետ զորացրված քաղաքացիները, ինչպես նաև պատերազմի կամ մարտական գործողությունների մասնակիցները՝ անկախ զինվորական ծառայություն անցնելու հանգամանքից: Ռազմական ունակությունները կատարելագործելու, վերապատրաստելու և ստորաբաժանումների ներդաշնակում իրականացնելու նպատակով՝ կամավորականները կարող են կանչվել վարժական հավաքների»,-ասվում է ՀՅԴ ԳՄ հայտարարության մեջ:

ՀՅԴ կարծես մոռացության է մատնել, այն փաստը, որ Հայաստանը արդեն 25 տարի է անկախ է և 1992 թվականից ունի բանակ: ՀՅԴ-ն մոռացել է, որ մեր բանակի հիմնումից հետո կա պահեստազոր հասկացությունը և անհրաժեշտության դեպքում պետությունը պետք է ապահովի պահեստազորի տեղափոխումը առաջնագիծ: Հասկանալի է, որ ՀՅԴ-ն այս հայտարարությամբ կուսակցական գովազդով է զբաղված: Այս հայտարարությամբ հարգարժան կուսակցությունը ցույց է տալիս պետության չգոյությունը:

ՀՅԴ-ն Հայաստանը պատկերացնում է այնպես ինչպես Իրաքն է, որտեղ ամեն կուսակցություն իր ռազմական թևն է հիմնում: Մնում է հուսալ, որ պետությունը խոհեմ կգտնվի և թույլ չի տա կուսակցական ռազմական ուժերի առաջացմանը, թեկուզ  և պատերազմի ժամանակ:

politik.am

Այս նյութը դիտել են - 5652 անգամ