Երբ ճանապարհը փակվում է, չինովնիկները հանկարծ վերածվում են ամենասուր լսողությունն ունեցող արարածների
2016-10-14 10:49:00
«Նա, ով չի կերակրում սեփական բանակը, կերակրում է թշնամու բանակին»: Տարբեր առիթներով հազար անգամ լսել ենք այս խոսքերը: Համաձայն ենք, որ դա այդպես է, բայց...

ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչներն այսօր փակել էին Վարդենիսից Քարվաճառ տանող ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհը: Հողագործ մարդիկ այնքան պարապ չեն, որ առանց պատճառի ճանապարհների վրա ակցիաներ անեն, մարդիկ լուրջ մտահոգություն ունեին, բայց քանի որ նման պահերին բոլորը խլանում են, լսելի դառնալու համար գյուղացիները գնում են այդ ծայրահեղ քայլին:

Եվ երբ ճանապարհը փակվում է, չինովնիկները հանկարծ վերածվում են ամենասուր լսողությունն ունեցող արարածների: Այդպես էլ եղավ այսօր:

Ու նրանք լսեցին, թե խնդիրն ինչ է: Պարզվեց, որ պաշտպանության նախարարության հետ կնքված պայմանագրով բանակին 1 կիլոգրամ կարտոֆիլը 90 դրամով են մթերել, սակայն այժմ կանգնել են փաստի առջև, քանի որ զինվորականները հիմա նրանցից 40 դրամով են պահանջում: Թե ինչու՝ բացատրություն չկա: Սրտները հիմա այդպես է ուզել: Խեղճացած հողագործն էլ արդեն 90 դրամի մասին նույնիսկ չի էլ երազում, ասում է՝ գոնե 55-60 դրամ գնման գին սահմանեք, որպեսզի իրենք նվազագույն շահույթ ունենան։ Լսողն ո՞վ է: Գյուղնախարար Իգնատի Առաքելյանն, օրինակ, խոստացել է, որ այս շաբաթ կայցելի Գեղարքունիք և հարցը կքննարկի թե՛ վարդենիսցիների, թե՛ պաշտպանության նախարարության հետ։ Մարդը հիմա չի կարող, շատ է զբաղված:

Այո, վերստին փաստենք, որ սեփական բանակը պետք է կերակրել: Բայց չի կարելի կերակրողին այդ նպատակի պատրվակով սովամահության դատապարտել: Նա էլ պիտի մի բան ուտի, որ կարողանա գոնե աշխատել, կարտոֆիլ աճեցնել, որպեսզի հետո դա հանձնի երկիր պահող բանակին:

shame.am

 

Այս նյութը դիտել են - 2158 անգամ