Երեւանում սպասվում է վտանգավոր արձանագրում
2016-10-13 11:40:00
ՀԱՊԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիկտոր Վասիլեւը, ըստ rusarminfo.ru կայքի, հայտարարել է, որ Ռուսաստանը, Հայաստանը եւ ՀԱՊԿ մյուս անդամները ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգերը գնահատում են որպես սպառնալիք իրենց անվտանգությանը եւ պետք է դիմակայեն դրան:
Ըստ Վասիլեւի, այդպիսի կետ է ամրագրված ՀԱՊԿ հավաքական անվտանգության Ռազմավարության մեջ, որը պետք է հաստատման ներկայացվի Երեւանում հոկտեմբերի 14-ին կայանալիք ՀԱՊԿ Վեհաժողովում:
Նա հայտարարել է, թե ավելի վաղ այդ ՀՀՊ համակարգերի տեղակայումը պայմանավորվում էր իրանյան միջուկային սպառնալիքով, սակայն ներկայում այդպիսի սպառնալիք չկա, բայց ՀՀՊ ծավալումը Լեհաստանում եւ Ռումինիայում ընթանում է, հայտարարել է Վասիլեւը, ասելով, որ դա անհանգստացնում է իրենց:
Իրենքը հավանաբար Ռուսաստանն է, որը դեմ է հանդես գալիս Արեւելյան Եվրոպայում ԱՄՆ եւ ՆԱՏՕ ՀՀՊ համակարգերի տեղակայմանը, թեեւ այդ համակարգերը պարզապես ՆԱՏՕ անդամ երկրների տարածքը հրթիռային հարձակումներից պաշտպանելու համար են եւ կրում են պաշտպանական բնույթ:
Այդուհանդերձ, դժգոհ է Ռուսաստանը, թե գոհ, հանգիստ է, թե անհանգիստ, դիմակայելու է, թե ոչ, դա իր խնդիրն է, իր ինքնիշխան գործը, իրավունքը:
Բայց Ռուսաստանը, դատելով Վասիլեւի խոսքերից, ԱՄՆ եւ ՆԱՏՕ հետ իր դիմակայության մեջ է փորձում ներքաշել նաեւ ՀԱՊԿ անդամներին, այդ թվում Հայաստանին:
Այն դեպքում, երբ ԱՄՆ եւ ՆԱՏՕ պաշտպանական այդ նախաձեռնությունները բացարձակապես ոչնչով չեն սպառնում Հայաստանի ազգային անվտանգությանը: Ավելին, հենց ԱՄՆ քաղաքական ջանքի շնորհիվ է, որ չեզոքացվում են Հայաստանի եւ Արցախի համար անվտանգության սպառնալիք հանդիսացող ռուս-ադրբեջանա-թուրքական համատեղ պայմանավորվածությունները:
Հայաստանի համար ազգային անվտանգության սպառնալիքը ոչ թե եվրոպական ՀՀՊ-ն է` պաշտպանական բնույթի, այլ Ադրբեջանին հարձակողական բնույթի սպառազինության մատակարարումը, որ իրականացրել է Ռուսաստանը:
Ըստ այդմ, ոչ միայն անհեթեթ, այլ պարզապես ազգային անվտանգության սպառնալիք կլինի Հայաստանի համար, եթե Ռուսաստանի պարտադրանքով Հայաստանը միանա ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն սպառնալիք հռչակելու նախաձեռնությանը եւ այդպիսով փաստացի թեկուզ փաստաթղթային մակարդակում դուրս բերվի եվրատլանտյան դաշինքի դեմ:
Ըստ այդմ, հոկտեմբերի 14-ին Երեւանում տեղի ունենալիք ՀԱՊԿ Վեհաժողովի ընթացքում Հայաստանը պետք է միարժեքորեն մերժի Ռուսաստանի այդպիսի որեւէ նախաձեռնություն, որը թեկուզ թղթերի մակարդակում, թեկուզ 2025-ի հեռանկարում Հայաստանը կդնի ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ի դեմ, ուղղակիորեն կներքաշի Եվրատլանտյան հանրության հետ Ռուսաստանի դիմակայության քմահաճույքի դաշտ:
Հակառակ պարագայում, հոկտեմբերի 14-ը Հայաստանի պետականության պատմության ընթացքում կհավակնի դառնալ հերթական ամոթալի էջը, այն էլ անկախության 25-ամյակի տոնակատարությունից ընդամենը երկու-երեք շաբաթ անց:
lragir.am
Այս նյութը դիտել են - 955 անգամ