Ինքնակոչ դատախազ՝ ՀՀԿ-ից
2016-10-13 02:20:00

Այս տարվա հոկտեմբերի 10-ին Վանաձորի ավագանու նիստում որպես դատախազ ներկայացած եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ավագանու անդամին ահաբեկած անձնավորությունը բացահայտվել է: Այս մասին հայտարարություն է տարածել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որտեղ նաեւ ասվում է.

«Բացահայտվել է ՀՀԿ-ի կեղծ դատախազը

Ինչպես արդեն հայտնել էինք, հոկտեմբերի 10-ին, Վանաձորի ավագանու նիստի ժամանակ Ասրյան ազգանունով մի քաղաքացի մոտեցել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ավագանու անդամ Միհրան Քոչարյանին եւ ներկայանալով որպես դատախազության ներկայացուցիչ՝ սպառնացել է վերջինիս:

Ավելի ուշ,  ՀՀ գլխավոր դատախազությունը հերքել էր այս տեղեկատվությունը՝ նշելով, որ նման ազգանունով դատախազ չի աշխատում ՀՀ Լոռու մարզի դատախազությունում:

Մեզ հաջողվել է բացահայտել հիշյալ անձի ինքնությունը: Վերջինս Արսեն Ասրյան անուն ազգանունով մի քաղաքացի է, ով նիստի ընթացքում մոտեցել է Միհրան Քոչարյանին եւ հարցրել՝ արդյոք նա բաց է քվեարկել: Դրական պատասխան ստանալուց հետո, Ասրյանը ասել է Քոչարյանին. «...դու ինձ լիքը հարցերի պետք ա պատասխանես, կգաս իմ կաբինետ կպատասխանես, մենք դեռ երկար բաներ ունենք իրար հետ խոսալու»: Ի պատասխան, Միհրան Քոչարյանը հարցրել է Ասրյանին, թե արդյոք նա դատախազությունից է եւ ինքը պետք է դատախազությու՞ն ներկայանա, ինչին Արսեն Ասրյանը պատասխանել է՝ այո:

Արսեն Ասրյանի ֆեյսբուքյան էջից պարզ է դառնում, որ նա Հանրապետական Կուսակցության եւ Մամիկոն Ասլանյանի համակիրն է: Ակնհայտ է, որ Վանաձորի ավագանու նիստի ժամանակ Ասրյանի գործողությունները միտված են եղել ահաբեկելու «Լուսավոր Հայաստան» կուսակցության ավագանու անդամին, ինչը լիովին համահունչ է Հանրապետական կուսակցության ձեռագրին:

Ահա այսպիսի ահաբեկչական մեթոդներով ՀՀԿ-ն Վանաձորում տարավ իր կեղծ հաղթանակը եւ բացեց Վանաձորի նոր էջը, որը ոչնչով չի տարբերվում հնից»:

replik.am


Այս նյութը դիտել են - 6884 անգամ