«ՀԺ»․ Իշխանությունները զգուշացնում են Գագիկ Բեգլարյանին
2016-10-12 21:52:00

«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, իշխանությունները ՀՀ տրանսպորտի եւ կապի այլեւս նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի դեմ նյութեր են նախապատրաստում, եւ Բեգլարյանն առաջիկայում կարող է հայտնվել բավական աննախանձելի վիճակում:

«Հիշեցնենք, որ վերջերս հարկային մարմինները հաղորդագրություն հրապարակեցին, թե Հյուսիս-հարավ մայրուղու հատվածներից մեկը կառուցող «Կորսան-կորվիամ կոնստրուկցիոն» ընկերությունում 2,6 մլրդ դրամի ակտ է գրվել եւ հօգուտ պետբյուջեի 1 մլրդ դրամ հարկային պարտավորություն առաջադրվել:

Մամուլի հրապարակումների համաձայն՝ այս շինարարության մեջ իր բաժինն ունի նաև Գագիկ Բեգլարյանը:

Նաեւ հրապարակում եղավ, թե Գ. Բեգլարյանի եղբոր՝ Յուրա Բեգլարյանին պատկանող օբյեկտներից մեկում հայտնաբերվել են հետախուզման մեջ գտնվող Գեւորգ եւ Հենրիկ Բաղդասարյանները: Այդպիսով, մեր տեղեկություններով, իշխանությունները Գագիկ Բեգլարյանին զգուշացնում են, որ եթե հանկարծ փորձի բացահայտ կամ գաղտնի կերպով հակաիշխանական քայլեր անել, այս եւ բազմաթիվ այլ գործեր ջրի երես կհանվեն:

 Հիշեցնենք, որ պաշտոնանկությունից հետո Բեգլարյանը նոր նախարարի ներկայացման ժամանակ ներկա չէր եղել եւ չէր մասնակցել այդ օրերին տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստին»,- մասնավորապես, գրում է թերթը:

Այս նյութը դիտել են - 7164 անգամ