Թղթին չհանձնված հայրենյաց մի դաս
2016-10-11 13:39:00
Մեզանից ոչ հեռու զորամասում եմ` աշակերտների ու ծնողների հետ: Այդ պահին մոռացա, որ ուսուցչուհի եմ, կարծես լրագրողական աշխատանքի մեջ էի, մի պահ հայտնվեցի հրամանատարի տեղակալ Հարություն Մանուչարյանի կողքին, որ բարձրախոսով ցուցումներ էր տալիս զինվորներին: Երբեմն «խախտում եմ» կարգը իմ հարցումներով, իսկ նա հասցնում է ինձ պատասխանել, նշումներ եմ կատարում, ապա հայտնվում եմ զինվորների կողքին: Աշակերտներն անմահացնում են պահը, իսկ ես հուսով եմ, որ կարող է նկարները հրապարակավ տեղադրելով` հարազատ մարդիկ լինեն, որ ճանաչեն նրանց: 
Զինվորները պարան են ձգում, դպրոցականների ծափ-ծիծաղը միախառնվում է հաղթող դասակի զինվորների պայծառ դեմքերին: Պարտվողներ չկան այստեղ, մրցույթի մեջ են ընկեր տղաներ, որ ձեռք են սեղմում, միմյանց ողջունում ու հաղթանակը միասին տոնում:
Րոպեներ հետո զգում եմ, որ այդ թուղթն ու գրիչը խանգարում են ինձ, ոչինչ պետք չէ, ոչ մի նշում: Զինվորներն այնքան արագ էին կատարում հերթական ցուցումները, որ չէի հասցնում անգամ ինչ-որ բան նշել: Ու ես` ձախողված լրագրողուհիս, մնացել էի դասակից դասակ շրջելիս, բայց առանց թուղթ ու գրչի: Ես, որ այդ պահին լուսանկարելու հնարավորություն չունեի, զգում էի, որ իմ լրագրողական աշխատանքը ձախողվում է: Բայց ահա ինձ օգնության են հասնում իմ աշակերտներն ու նրանց ծնողները, որ հավերժացնում են պահեր:
Զինվորները պարում էին, «մերոնք» էլ միացան նրանց, ինձ էլ հրավիրեցին պարելու, բայց ե՞րբ եմ պարել վերջին անգամ` տարիներ առաջ, երևի մոռացել եմ արդեն, այն շատ վաղուց է եղել, ու ես երկընտրանքի մեջ եմ` եթե չստացվի՞... Մտորում եմ. «Պարել չգիտեմ, լրագրողական աշխատանքս էլ կանգնեցրել եմ, ուրեմն հարկավոր է նորից անցնել ուսուցչության»:
Ու հայացքս փնտրում է հրապարակով մեկ շաղ եկած իմ աշակերտներին: Ինչպիսի~ ոգևորություն, հիացական ձայներ, և որքա~ն ուրախ էի ես` իմ ձախողված լրագրությամբ ու իմ չկայացած պարով, չնայած պարելու թաքուն ցանկություն ունեի....Եվ հոգով ես բոլորի հետ էի, մտորումներիս մեջ էլ ԶԻՆՎՈՐԻ մասին թղթին չհանձնված հայրենյաց դաս կար` սերնդի համար պատմություն դարձած:
Նատաշա Պողոսյան Արցախի վաստակավոր մանկավարժ, Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
Այս նյութը դիտել են - 5841 անգամ