«Մեթյու» փոթորիկը մոտենում է ԱՄՆ սահմաններին
2016-10-05 19:53:00
 
  • Hurricane Matthew Wednesday

Hurricane Matthew Wednesday

Ֆլորիդան պատրաստվում է ուժգին «Մեթյու» փոթորիկին, որը կարող է մեծ ավերածություններ գործել անգամ, եթե հարվածի միայն այդ նահանգին: Ֆլորիդայի նահանգապետ Ռիկ Սքոտը կոչ է արել զգոնության:

Եթե «Մեթյուն» հասնի Ֆլորիդա, կլինեն շատ մեծ ավերածություններ, որոնց ականատես չենք եղել տարիներ ի վեր», հայտարարել է նահանգապետը:

Արտակարգ իրավիճակ է հայտարարվել նաև Ջորջիա, Հարավային Քարոլինա և Հյուսիսային Քարոլինա նահանգներում: Նահանգային իշխանությունները խորհուրդ են տալիս բնակչությանը ձեռք բերել սննդամթերքի և բժշկական պարագաների հավելյալ երեք օրվա պաշարներ և ավտոմեքենաներում ունենալ բենզին: Երեքշաբթի օրվա դրությամբ շատ սննդի խանութներ արդեն չունեին շշալցված ջրեր, սնունդ կամ մարտկոցներ:

Արտակարգ իրավիճակների դաշնային գործակալությունը տարբեր փրկարար ջոկատներ և համապատասխան տեխնիկա է ուղարկել այն շրջաններ, որոնք հնարավոր է տուժեն փոթորիկից: Սպիտակ տունը հաղորդում է, որ օգնություն է ցուցաբերում Կարիբյան երկրներին:

Սպիտակ Տան խոսնակ Ջոշ Էրնեստը ասում է. «Փորձագետները ակտիվորեն հետևում են փոթորիկի ընթացքին, կապի մեջ են տեղական իշխանությւոնների հետ Ջամայկայում, Հայիթիում, Կուբայում, Դոմինիկյան հանրապետությունում, Բահամներում ու Բելիզում՝ վստահ լինելու համար, որ Միացյալ Նահանգների օժանդակության անհրաշեժտության պարագայում օգնության հետ կապված աշխատանքները համակարգված կտարվեն»:

«Մեթյուն» երեքշաբթի օրը հասավ Հայիթի և շարժվեց դեպի Կուբա ու Բահամներ, ուր բնակչությունը պատրաստվել էր փոթորիկին:

«Մեզ մոտ են գալիս մարդիկ, ովքեր բնակվում են ջրհեղեղին մոտիկ շրջաններում: Հորդառատ անձրևի պարագայում փոթորիկին կհաջորդի ջրհեղեղը, որը ջրով կծածկի մարդկանց տները: Այդ պատճառով նրանք տեղափոխվում են ավելի անվտանգ վայրեր», ասում է Կուբայի տարհանման կոմիտեի անդամ Ալեքսիս Սոսիաս Իգլեսիասը:

«Մենք միշտ պատրաստ ենք, քանի որ բնակվում ենք կղզու վրա: Այստեղ շատ են լինում ջրհեղեղներ», արձանագրում է Բահամայի բնակիչ Ջոյ Սվիթինգը:

Նախագահ Բարաք Օբաման չեղյալ է հայտարարել իր այցը Ֆլորիդա, որը նախատեսված էր չորեքշաբաթի օրը և այցելել է Վաշինգտոնում տեղակայված Արտակարգ իրավիճակների դաշնային գործակալություն՝ ծանոթանալու փոթորիկին նախապատրաստվող աշխատանքների հետ:

amerikayidzayn.com

Այս նյութը դիտել են - 1554 անգամ