ՄԻ՛ ՆԵՂԱՑՐԵՔ ԻՐԱՐ
2016-09-28 10:36:00

 
 12-րդ դասարանում հայոց լեզվի տնային առաջադրանքը` «Մի՛ նեղացրեք իրար» վերնագրով շարադրությունը, նոր ապրումներ պիտի ծնեին իմ աշակերտուհու հոգում: 
Նա խնդրեց, որ բարձրաձայն չկարդամ, նույնիսկ մյուս աշակերտների հորդորներին հակառակ` չցանկացավ բարձրաձայնել իր մտքերը:
Բայց նա գիտեր, շատ լավ գիտեր, որ հետո այս տողերը հասանելի են լինելու շատերին. «Պետք չէ նեղացնել ոչ մեկին, ամեն նեղացնելով` ես «մեռնում եմ», և ինչպես մոմը` կամաց-կամաց հալվում: Ամեն անգամ ինձ նեղացնելով` ոչնչացնում են իմ ներսի արևը, հոգումս անձրև է տեղում, երեսիս` արտաքուստ ժպիտ: Ոչ ոք չի կարող իմանալ, թե ինչ կա իմ սրտում և հոգու խորքում, թե ինչ ապրումներ եմ ունենում այդ վիրավորանքից, դա միայն ես եմ զգում, երբ փշրում են մարդուն»:

Սյուզաննա Կարապետյան, շատ համեստ, ինքնամփոփ մի աղջիկ...Նա ուներ ներսում կուտակված մի անսովոր ալեկոծում, որ պիտի մի օր ափերից դուրս գար, գուցե նաև հիշեցներ իրեն նեղացնողներին, որ մի օր կարող է կորցնեն նրան, ում նեղացրել են, ով համբերատար դիմացել է վիրավորանքին և փակվել իր աշխարհում: Վիրավորված հոգին գիտեր, որ երբ գիշերը քնում են մարդու ձեռքերը, ոտքերը, աչքերը, նույնիսկ` ուղեղը, շարունակում է աշխատել միայն սիրտը. «Մի՛ նեղացրեք այդ փոքրիկին, նեղացնելուց առաջ մտածե՛ք, թե ինչ հետևանքներ կունենա ասած խոսքը: Երբեք չվիրավորեք ու չխաբեք նրան, ով, նայելով ձեր աչքերի մեջ, տեսնում է իր կյանքը: Մի՛ նեղացրեք, հանկարծ այդ փոքրիկը կթռչի անվերադարձ, չեք հասցնի նույնիսկ ներողություն խնդրել»:

Մտքերի մեջ եմ... Իմ աշակերտուհու անհանգիստ ապրումները փոխանցվում են ինձ, և ես փորձում եմ փակել այն բոլոր ճանապարհները, որտեղ վիրավորանքն է հորձանք տալիս: Ես հաշտության խոսք եմ հղում ամենքին և միանում նրա զգայացունց խնդրանքին. «Մի՛ նեղացրեք մարդուն, թե չէ նա էլ մի օր սիրտը կվերցնի ու կգնա անվերադարձ...»:

Նատաշա Պողոսյան Արցախի վաստակավոր մանկավարժ, Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
Այս նյութը դիտել են - 12980 անգամ