Սփյուռքը միանում է Հայաստանի հասարակության պահանջներին
2016-09-27 15:28:00

Սփյուռքի նշանավոր գործիչների նախաձեռնած` «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությունը, ամենայն հավանականությամբ, դառնալու է առաջիկա խորհրդարանական ընտրությունների ամենամեծ անակնկալներից մեկը: Սա մի արշավ է, որը կարող է փոխել իշխանության վերարտադրության` նախապես մշակված ծրագիրը:
Առաջին անգամ սփյուռքի` մեկ տասնյակից ավելի գործիչներ, որոնք ունեն նաև համաշխարհային համբավ և որոնց հեղինակությունը չի սահմանափակվում հայկական համայնքի շրջանակներով, հանդես են եկել Հայաստանում իրավիճակ փոխելու նախաձեռնությամբ:Ակնհայտ է, որ սա լավ կազմակերպված նախաձեռնություն է և սփյուռքի մեր աղբյուրների հավաստիացմամբ, առաջիկայում ունենալու է հետաքրքիր զարգացումներ:

Ո՞րն է հիմնական խնդիրը. եթե մենք ասում ենք, որ ունենք մեկ ընդհանուր հայրենիք` Հայաստանը, ապա սփյուռքի հեղինակավոր, մտահոգ և ազդեցիկ շրջանակները հայտ են ներկայացնում` ընդհանուր հայրենիքում արդարություն, ազատություն և զարգացում հաստատելու գործում: Իրականությունն այն է, որ իշխանությունը միշտ կիրառում է վարչական ռեսուրս, փող, քրեական տարրերի անթաքույց միջամտություն, ընտրակեղծիքներ և այլն:

Մենք ամեն անգամ փորձում ենք ստեղծել պայքարի և հակակշռի մեխանիզմներ, սակայն ամեն անգամ մեր ռեսուրսը չի բավականացնում: Մենք ունենք օգնության կարիք: Օգնություն ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի օժանդակության հարցում, այլ` արդարության և կեղծիքի դեմ պայքարի խնդրում: Սա, ըստ էության, մի բանաձև է, որը կարող է մոբիլիզացնել հայաստանյան քաղաքական դաշտը և քաղաքացիական հասարակությունը: 

Սովորաբար անցումային փուլում գտնվող ժողովրդավարությունները նման օգնության կարիք միշտ ունենում են, և դրա առկայությունն ավելի սահուն և անցնցում է դարձնում փոփոխությունների ալիքը: Հայաստանը կանգնած է նման մեծ փոփոխության շեմին: Որպեսզի սփյուռքի գործիչների նախաձեռնությունը ստանա տրամաբանական շարունակություն և նախաձեռնությունը իրապես կյանքի կոչվի, ապա անհրաժեշտ է մի քանի պայման:

Նախ` նախաձեռնությանը միացողների ցանկը պետք է մեծանա, սփյուռքի նորանոր ազդեցիկ դեմքեր և աշխարհում ճանաչում ունեցող գործիչներ միանան այս գործին, երկրորդ` մեծ թվով քաղաքացիներ Հայաստանում և սփյուռքում միանան ստորագրահավաքին` նախաձեռնության մասսայականությունը ցույց տալու համար, երրորդ` նախաձեռնության գործնական քայլերը, կիրառական կողմը պետք է դուրս գա ֆեսյբուքյան, ինտերնետային տարածքից և իրականացվի կոնկրետ Հայաստանում, իրական հողի վրա:
Վահրամ Գևորգյան

top-news.am

Այս նյութը դիտել են - 4564 անգամ