Հայաստանը Հայաստան չէր լինի, եթե չլիներ հայը
2016-09-24 11:02:00
Մերի Օհանյան… Համեստ ու ազնիվ բնավորությամբ մի սիրուն աղջնակ: Նա նոր է տեղափոխվել մեր դպրոցի 11-րդ դասարան: Երբեմն ամոթխածությունը քողարկվում է մեղմ ժպիտով, որ շատ դուրեկան է ու հմայիչ, նույնիսկ ես եմ երբեմն հայացքս փախցնում` նրա այդ ժպիտով ջերմացած: Եվ այս քնքուշ էակի շնչով մի ամբողջ հայոց աշխարհ է շնչավորվում ու դառնում է այն երկիրը, որն առաջինն էր իր սիրտը բացել Քրիստոսի առաջ` դրանով իսկ բազմապատկելով մեր տառապանքներն ու մեր թշնամիներին: Մեծարվում է մի ազգ` բոլոր ազգերի մեջ, որ դիմացավ և ճակատագրի ոչ մի հարված չկարողացավ սպանել նրան:Դասարանում մտքերով ես նրա հետ եմ, հայացքս` նրա ձեռքի շարժումներին, ապա մոտենում եմ առաջին նստարանին նստած իմ աշակերտուհուն: Զարմանալի է. նա աջով չէր գրում, նորից նայում եմ նրա ձեռագրին, իսկ նա հաստատում է, որ փոքր հասակից է հարմարվել ձախլիկության: Տողերի ձեռագիր շարվածքում մի անկրկնելի հայկական լեռնաշխարհ կար, հարազատ բնօրրան` իր գրկում ապրող և աշխարհով մեկ փռված հայերի համար: Եվ հայոց այդ երկիրն ամեն օր իր բարձրաբերձ լեռներով, քչքչան առվակներով, անծայրածիր դաշտերով ու ալպյան մարգագետիններով բարի ողջույն է հղում բոլոր նրանց, ովքեր եղել ու շարունակում են մնալ այս եդեմական դրախտավայրի մի մասնիկը: 
Բայց ո՞վ ենք մենք…Նայում եմ նրա գրած տողերին. «Ասում են` երկնքին մոտիկ այս լեռնակղզին մեզ է բաժին ընկել, քանի որ Աստծո կողմից հողերը բաժանելու ժամանակ հայերն ուշացել են: Այդ պատճառով մեզ է հասել այս քարքարոտ լեռնաշխարհը: Բայց մի՞թե Աստված գիտեր, որ այդ անձեռակերտ լեռները թշնամիներից պաշտպանվելու ամենահարմար միջոցն էին, կամ որ Նոյան տապանը այստեղ էր հանգրվանելու, ու կյանքը վերստին սկիզբ էր առնելու հայկական լեռնաշխարհից: Բայց Հայաստանը Հայաստան չէր լինի, եթե չլիներ հայը: Նրա շնորհիվ է, որ մենք ապրում ենք այս դրախտավայրում և վայելում նրա պտուղները: Նրա թափած արյան գնով ենք մենք այստեղ տուն կառուցում և օջախ ստեղծում: Նրա ջանքերով է, որ մեր երկիրը համարվում է աշխարհի գողտրիկ անկյուններից մեկը` իր անառիկ բերդերով, վեհաշուք վանքերով, անկրկնելի խաչքարերով, ալպիական բուսականությամբ և ընդհանրապես, ամե~ն-ամեն ինչով»:
Նրա տողերում ամբողջանում ու վեհանում էր մի ազգ, ով առաջինը քրիստոնեությունն ընտրեց` դառնալով քրիստոնեական օազիս հեթանոսական անապատում: Եվ ես հպարտ եմ, որ մեր ազգի մի մասնիկն է նա, նրա շարունակությունը, որ բարձրաձայնում է մեր համառ կամքի ու հարատևության գաղտնիքը` ի լուր բոլորիս:

Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ,    	                                                                                                         Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ  	                                                                      դպրոցի  հայոց  լեզվի և գրականության ուսուցչուհի   
Այս նյութը դիտել են - 9603 անգամ