Թշնամու դիպուկահարի կրակոցից զոհված 18–ամյա Կարենին Վանաձորում հողին հանձնեցին
2015-12-28 18:09:00

Հակառակորդի դիպուկահարի կրակոցից դեկտեմբերի 25-ին զոհված վանաձորցի 18-ամյա Կարեն Աքուլյանին այսօր` դեկտեմբերի 28-ին, զինվորական կարգով հուղարկավորեցին Վանաձորի Բազում թաղամասին կից գտնվող Վարդանլուի գերեզմանոցում:

Հուղարկավորությանը մասնակցել են Պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչներ, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը։

Վերջին երկու օրերի ընթացքում երիտասարդ զինվորի տանը պատվո պահակ են կանգնել մոտակա զորամասերի զինվորները:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին` ժամը 13:00-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում՝ հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Կարեն Աքուլյանը:

Զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ։ Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:

Այս նյութը դիտել են - 2098 անգամ