Խեղճ զինծառայողը որտեղի՞ց հայթայթի փրկարար տեղեկանքը, որ իր մեկնումը դառնա հավաստի
2016-09-09 12:02:00
Եկեղեցին նաև վոյենկոմատ է

Եկեղեցին հետզհետե դառնում է մեր երկրի ամենասկանդալային կառույցը: Գրեթե չկա մի օր, որ նրա մասին որևէ զարմանալի, իսկ ավելի հաճախ՝ տհաճ պատմություն չլսենք: Ու հիմա էլ հերթական արմանք-զարմանքն է բացահայտվել, որովհետև այս անգամ էլ հոգևոր հայրերն իրենց քիթը խոթել են բանակային գործերի մեջ:

Ինչպես հայտնի է, համաձայն «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի` պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմին լրացուցիչ արձակուրդ տրվում է հրամանատարի (պետի) որոշմամբ՝ մինչև 5 օր տևողությամբ, ավելի հաճախ՝ ելնելով ընտանեկան պայմաններից: Եվ այժմ պարզվում է, որ նման արձակուրդի դեպքում զինկոմիսարիատը փաստաթուղթ է պահանջում նաև եկեղեցուց: Հասկանալի է, որ տվյալ իրավիճակում խոսքն ամենայն հավանականությամբ վերաբերում է այն դեպքերին, երբ զինվորը գնում է մասնակցելու հարազատներից որևէ մեկի պսակադրության, մկրտության արարողություններին, իսկ գուցե նաև հուղարկավորությանը, այսինքն՝ այն ծեսերին, որտեղ հոգևորականների ներկայություն կա:

Չենք խուսափի կտրուկ որակումներից և միանգամից կասենք, որ սրանից ավելի մեծ հիմարություն հազիվ թե հնարավոր լիներ մտածել: Ի՞նչ կապ կարող է լինել եկեղեցու և ծառայողի արձակուրդի միջև: Իսկ եթե զինվորը չի՞ գնում եկեղեցի, կամ պսակադրությունը կատարվում է քաղաքացիական կարգով, առանց քահանայի օրհնության: Այդ դեպքում ի՞նչ անի խեղճ զինծառայողը, որտեղի՞ց հայթայթի փրկարար տեղեկանքը, որ իր մեկնումը դառնա հավաստի:

Աբսուրդին էլ չափ ու սահման կա, բայց այս դեպքում բոլոր չափերը գերազանցված են: Հետաքրքրական է, որ իրենց ուղղված հարցմանը Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից պատասխանել են, թե «զինկոմիսարիատից պահանջվում էր եկեղեցու կողմից հաստատված տեղեկանք միայն զինվորի քրոջ կամ եղբոր ամսունության պարագայում, բայց ներկայումս նման տեղեկանքներ եկեղեցու կողմից չեն տրամադրվում»։

Տրամադրում են, թե ոչ՝ սա դեռ հստակեցնել է պետք, առավել ևս, որ Էջմիածինը փաստացի դա չի հերքում: Մնում է միայն զարմանքի մի հսկա չափաբաժին էլ հասցեագրել պաշտպանության նախարարությանը, որտեղ խրախուսել ու ընթացք են տվել այդ անիմաստ հսկողությանը: Իսկ այս դեպքը մեկ անգամ ևս վկայում է այն մասին, թե ինչպիսի անկանխատեսելի հետևանքներ կարող են լինել, երբ գլուխ գլխի են տալիս գեներալն ու կաթողիկոսը:

shame.am

Այս նյութը դիտել են - 2588 անգամ