Երբ այն օրերին դպրոց չէի հաճախում, ես դադարել էի գոյություն ունենալուց
2016-09-09 10:45:00
«Երկնայի՛ն Տեր, շնորհակալ եմ քեզանից, որ աշխարհը ստեղծել ես լավի ու վատի հաջորդականությամբ կամ ընդհակառակը…»: 
Տողերն անհասկանալի հնչողությամբ արձագանք տվին ամբողջ դասարանում, մի պահ քար լռություն էր… Որտեղի՞ց եկան այս խոսքերը, որ 7-րդ դասարանում ամենից փոքրահասակ ու երկարածամ աղջնակի շուրթերից հնչեցին որպես կոչ՝ ուղղված վերին բարձրյալին: Եվ նրա մտածումները շուտով դառնում են մերը, որ հարազատ է մեզ, բոլորիս հոգու կսկիծը՝ խավարից հետո եկող լույսի առկայծումներով. «Վերջապես ապրիլյան պատերազմի հիշողությունները մնացին ոչ հեռու անցյալում, նորից ղողանջեց դպրոցի զանգը, և մենք հավաքվեցինք մեր դպրոցի բակում, նորից հանդիպեցինք հարազատ դեմքերի, նորից մեր դասարանում ենք: Հիմա արդեն մտածում եմ, որ ինչքա՜ն լավ է, երբ մայրամուտներին հաջորդում են արշալույսները»:
Բայց այդ ո՛ր մի դեռահասն է, որ պիտի կարողանա մոռացության տա այն օրերի սարսափելի ապրումները, երբ խաթարվեց նրանց խաղաղ մանկությունը: Ու նորից անցյալը դառնում է ներկա, և հեռուներից արձագանքը բերում է անցած օրերի մի տխուր պատմություն, որտեղ դպրոց չհաճախող մի աղջնակ կա ու նրա նման շատ-շատերը, ովքեր երևի այդ օրերին չէին էլ հավատում, որ հրետակոծվող Մարտակերտում կլսվի նորից հարազատ դպրոցի զանգի ղողանջը:
«Այդ օրը թշնամու հրթիռակոծությունից շիկացել էր երկինքը, որոտում էր երկիրը: Սովորական հունով ընթացող իմ կյանքը մի քանի ժամում փոխվեց… Ճարահատյալ մյուս մարտակերտցիների նման մենք էլ տարհանվեցինք, տեղափոխվեցինք մեկ ուրիշ վայր: Ծնողներս անհանգստանալու պատճառ ունեին, որ ես նոր միջավայրում չէի ուզում հաճախել դպրոց: Ինձ համար ամեն ինչ կորցրեց իր շքեղությունն ու իմաստը, շուրջբոլորս ամեն ինչ գունազրկվեց ու քարացավ: Կարծես ես դադարել էի գոյություն ունենալուց, միայն իմ անցած օրերի հիշողության մեջ լսելի էին հարազատ կրթօջախիս զանգի ձայնը, դասընկերներիս զվարթ ծիծաղը: Երբ սթափվում էի և բախվում դառն իրականությանը, ամեն ինչ խառնաշփոթի էր վերածվում: Ինձ թվում էր՝ անվերջանալի է այս ամենը, ու այն ավարտ չի ունենա…»:
Հայացքս հառում եմ իմ խելոք աշակերտուհուն՝ Մերի Հովհաննիսյանին, դեմքին ճառագած այն մեղմ ժպիտն էլ ողողված էր անցյալից եկած թախծի երանգով: Մտերմորեն գգվում եմ նրան… Անորոշ մտածումների մեջ եմ…Երանի թե խաղաղ օրերի արշալույսներին մայրամուտներն այցի չգային…

Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ,    	                                                                                                         Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ  	                                                                      դպրոցի  հայոց  լեզվի և գրականության ուսուցչուհի   
Այս նյութը դիտել են - 1635 անգամ