Սեպտեմբերի 1-ը մեզ համար մի նոր աղոթք կդառնա
2016-08-26 00:41:00

Ուսուցչի աշխատանքի նկատմամբ առանձնակի վերաբերմունքի արտահայտություն է, երբ շնորհավորում են մանկավարժներիս նոր ուսումնական տարվա կապակցությամբ: Այդ բարեմաղթանքները պարտավորեցնում են մեզ մի նոր եռանդով ու ջերմությամբ լցվել սերունդների կրթության և դաստիարակության դժվարին գործին: Թերևս սա այն է, ինչ ուզում է այդ օրը լսել ուսումնական հաստատություն մտնող յուրաքանչյուր անհատականություն, չնայած այս նոր ուսումնական տարին Մարտակերտում ապրողներիս համար այլ տրամադրություն կունենա:

Անցած օրերի տառապալից հիշողությունները միահյուսված կլինեն մեր նորօրյա ապրումներին, ապրիլյան հրետակոծության արձագանքները նորից լսելի կդառնան մեզ, անմահների անցած ճանապարհը հավերժացրած՝ նոր հերոսների անուններ կհիշատակվեն… Դպրոցի զանգը մի նոր ուսումնական տարի կազդարարի, մի նոր անհանգիստ ղողանջներ կլսվեն, ողջույնի ուրախ խոսքը դողդողալով արձագանք կտա հեռուներում, նոր հայացքներ կհառվեն դեպ երկինք, նոր աղոթքներ կուղղվեն առ աստված, խաղաղ կյանքի նոր օրհնանքներ կհնչեն:

Մտովի ես մեկիկ-մեկիկ մտնում եմ դասարանները, սպիտակ ու սև դպրոցական համազգեստների մեջ ժպտացող դեմքեր եմ տեսնում, իմ երեսին դաջված ուրախությունը մեղմիվ փոխվում է տխրության, երբ հայացքս ուղղվում է դատարկ նստարաններին, ու նորից մտովի տեսնում եմ նրանց, ովքեր ահուսարսափի տագնապալից օրերի հիշողությամբ այլևս մեզ հետ չեն, և մի ուրիշ կարոտ մեզ բերում է նրանց թախծանուշ կանչերը հեռվից, որ մեզ հետ էին տարիներ շարունակ ու հիմա չկան:

Մի նոր հայացքով նայում եմ իմ առջև նստած սաներին, մի նոր կարոտ է մեզ կանչում նորից, ու ժպիտների անսահմանության մեջ ես բերկրանքով գրկում եմ նրանց: Ձեռքերս թև առած մեկնում եմ, հայացքս գրկում է բոլորին, ու անցած հանգստան օրերում ես նորից նրանց եմ տեսնում: Անորոշ մի տագնապ վանում ենք մեզնից, տոնական օրվա հանդեսն ենք բացում, նոր օրվա աղոթքն ենք մրմնջում, որ երկինքը խաղաղ լինի, լույս օրերի հրաշքներն էլ՝ առատ:

Նատաշա Պողոսյան

Արցախի վաստակավոր մանկավարժ

Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի

հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Այս նյութը դիտել են - 5617 անգամ