Օբյեկտիվ քննության արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի ապօրինի ծառահատումների և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքեր. հարուցվել է քրեական գործ
2016-08-24 00:47:00

Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչի վարույթին հանձնված՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի» անտառտնտեսություն մասնաճյուղի «Իջևան», «Այգեհովիտ», «Գանձաքար» և «Խաչարձան» անտառպետություններում նշանակվել են ստուգումներ՝ քննությանը հետաքրքրող մի շարք հարցերի պարզաբանման համար:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ հիշյալ ՊՈԱԿ-ի «Իջևանի» անտառտնտեսություն մասնաճյուղի առանձին պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով հիշյալ անտառպետություններում քննությանը դեռևս չպարզված անձանց կողմից ապօրինի հատվել են 182 ծառեր: Արդյունքում՝ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի» անտառտնտեսություն մասնաճյուղի «Իջևան», «Այգեհովիտ», «Գանձաքար» և «Խաչարձան» անտառպետություններում ստուգումներով արձանագրված՝ պետությանը առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառած ապօրինի ծառահատումների և նույն ՊՈԱԿ-ի «Իջևանի» անտառտնտեսություն մասնաճյուղի առանձին պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի և 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս նյութը դիտել են - 1257 անգամ