Արա Աբրահամյանը ժամանակին շատ է տպավորվել «Սարոյան եղբայրներ» ֆիլմով ու հիմա որոշել է գերազանցել կինոնկարի հերոսներին
2015-12-22 10:52:00

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, որը լրջորեն և վերջնականապես որոշել է գլխովին խրվել Հայաստանի ներքաղաքական կյանքի մեջ ու այդ ուղղությամբ ոչ միայն ակտիվ քարոզարշավ է ծավալում, այլև պատրաստվում է նոր կուսակցության հիմքը դնել, շատ հետաքրքիր աշխատանքի բաժանում է կատարել իր ընտանիքի համար:

Բանն այն է, որ Աբրահամյանների ընտանիքը առանձնանում է իր զարմանալի գաղափարական կողմնորոշումներով: Այսպես, Գագիկ Աբրահամյանը ՀՀԿ անդամ է, Սերյոժա Աբրահամյանը` ՕԵԿ-ական է, իսկ Արմեն Աբրահամյանը հարում է ԲՀԿ-ին: Պետք է առնվազն խիստ միամիտ լինել՝ հավատալու, թե այս մարդիկ խորին համոզմունքներից դրդված են ընտրել իրենց կուսակցությունները: Պատկերը ավելի շատ հիշեցնում է մի իրավիճակ, երբ ընտանիքը տարատեսակ քաղաքական խմբերում ներդնում է իր անդամներից որևէ մեկին, որպեսզի իրադարձությունների զարգացման ցանկացած պարագայում կարողանա ջրից չոր դուրս գալ: Նույնիսկ կարելի է մի քիչ էլ դերասանություն անել և շրջապատի վրա այնպիսի տպավորություն թողնել, թե իբր հանուն կուսակցական շահերի եղբայրների միջև լարված հարաբերություններ կան:

Այսպիսի ներկայացում խաղալը միանգամայն Արա Աբահամյանի սրտով է: Նա հավանաբար ժամանակին շատ է տպավորվել «Սարոյան եղբայրներ» ֆիլմով ու հիմա որոշել է գերազանցել կինոնկարի հերոսներին: Այդ պատճառով էլ նոր կուսակցությունը կստեղծի առանց եղբայրների աջակցության ու մասնակցության: Թող նրանք մնան իրենց տեղերում: Դա կմեծացնի այն բանի հնարավորությունը, որ 2017-ը ընտրություններում Աբրահամյաններից գոնե մեկը թափանցի խորհրդարան: Իսկ դա Աբրահամյանների բիզնեսի ապահովման կարևորագույն տարրերից մեկն է: Մնացածն արդեն կախված կլինի Արա Աբրահամյանի ֆինանսական հնարավորություններից ու արտիստական վարպետությունից:

 

shame.am

Այս նյութը դիտել են - 1774 անգամ