ԱԺ փոխխոսնակի խոստումներն այդպես էլ իրականություն չդարձան...
2015-12-22 10:10:00


«Սինջար» եզդիների ազգային միավորումն այսօր մի հայտարարություն է տարածել, որով ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին ուղղակի մեղադրում է սուտասան լինելու համար: Այդպես կարծելու իրավունք նրանց տվել է այն փաստը, որ ամիսներ առաջ Շարմազանովը պաշտոնապես հայտարարել էր, թե ԱԺ-ում կստեղծվի Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականներին տեղի ունեցած եզդիների ցեղասպանությունը ուսումնասիրող աշխատանքային խումբ և անհրաժեշտ փաստերի հավաքման դեպքում այն կներկայացվի ԱԺ քննարկմանը, ինչպես նաև ԱԺ-ում պետք է անցկացվեր Իրաքի եզդիներին նվիրված լուսանկարների ցուցահանդես: Սակայն տարին մոտենում է իր ավարտին, իսկ ԱԺ փոխխոսնակի խոստումներն այդպես էլ իրականություն չդարձան:

 «Մեզ համար ցավալի է, որ ԱԺ փոխխոսնակը իրականացնում է հայտարարություններ և մոռանում է այդ խոստումների մասին: Առավել ցավալի է, որ այդ խոստումները արվել են ՀՀ նախագահի անունից: Այս կերպ Շարմազանովը վարկաբեկում է պետական ինստիտուտների և քաղաքական գործիչների հեղինակությունը»,- գրում են զայրացած ու հիասթափված եզդիները:

Մենք կարող ենք միայն մխիթարել ազգային փոքրամասնության ներկայացուցիչներին այն հիշեցումով, որ Շարմազանովը նման կերպ վարվում է ոչ միայն եզդիների հետ: Շատ ընդարձակ է նրա չիրականացրած խոստումների ցանկը և անսահման շատ են դեպքերը, երբ ԱԺ փոխխոսնակն իր անձով ստվերել է պետական ինստիտուտները: Եթե այս խոստովանությունը փոքր-ինչ կհանդարտեցնի եզդիների կրքերը, լավ է: Իսկ եթե դրանից էլ ոչինչ չի փոխվի, ապա ի՞նչ կարող ես անել. չկա երկիր, որ չունենա իր Շարմազանովը:

 

shame.am

Այս նյութը դիտել են - 1303 անգամ